Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարարությունում անց է կացվել խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում, որը վարել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկման է դրված եղել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Աղբյուրը նշում է, որ քննարկման հիմնական թեմատիկան եղել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված ինստիտուցիոնալ համակարգի ձևավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված մարմնի ստեղծմանը, վերջինիս գործունեության շրջանակին և ուղղություններին:
Կառավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման և այդ նպատակով համապատասխան մասնագետների պատրաստման/վերապատրաստման, փորձագիտական ներուժի ձևավորման հետ կապված այլ հարցեր։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի գործունեության արդյունավետության խնդրին՝ նշելով, որ այս համակարգում որակյալ և փորձառու մասնագետների ներգրավումն ու պատրաստումը, իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը մեծ կարևորություն են ներկայացնում:
Նա շեշտել է նաև հակակոռուպցիոն ռազմավարության ամբողջական մշակման նպատակով շահագրգիռ գերատեսչությունների միջև քննարկումների կարևորությունը՝ հանձնարարելով ռազմավարության վերջնական տարբերակի պատրաստման աշխատանքներն ավարտել սահմանված ժամանակացույցին համապատասխան:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







