Կառավարությունն իր առջև խնդիր չի դնում ազատվել Հրայր Թովմասյանից։ Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշումը ։
«Կարող եմ միայն արձանագրել, որ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ԱԺ պատգամավորի` հանցագործության մասին հաղորդման հիման վրա, և քննությունը կորոշի այդ գործի հետագա ընթացքը», — ասել է փոխվարչապետը:
«Այն մասին, որ դա «բարձր» դատարան է, պետք է մտածեին նախկին իշխանությունները՝ համապատասխան վերաբերմունք և հարգանք ցուցաբերելով այդ դատարանի նկատմամբ, և այդ դեպքում նման հարցեր այսօր ընդհանրապես չէին լինի մեր օրակարգում:Բոլոր հարցերը պետք է պատշաճ կերպով քննվեն, և, կարծում եմ, քննությունը կտա այդ հարցերի պատասխանները»,-ասել է Ավինյանը:
Դիտարկմանը, թե ՍԴ-ի շուրջ ճգնաժամը պայմանավորված է բացառապես Հրայր Թովմասյանի անձով, Ավինյանը բացասական պատասխան տվեց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործության մասին իր ներկայացրած հաղորդման հիման վրա (պետական իշխանության յուրացում) ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել Հրայր Թովմասյանի և մյուսների դեմ: Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանն ուզուրպացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ կիրառելով հանցավոր սխեմաներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






