Հոկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։
Անդրադառնալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին՝ ինչպիսիք են ադամանդագործությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, Տիգրան Խաչատրյանը նշել է, որ պետք է փորձել նպաստել երկու երկրներում կազմակերպությունների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանը և նոր կապերի ստեղծմանը։
Ըստ դեսպանի՝ այսօր համագործակցության հնարավորություններն ավելին են, քան օգտագործվում են։ Նա կարևորել է Հայաստանում Հնդկաստանից ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների ինտենսիվացումը։
Համագործակցության և փոխանակման ծրագրերի համատեքստում կարևորելով գործարար համաժողովներին, առևտրային տոնավաճառներին ներգրավվածության ապահովումը՝ դեսպանը խոսել է առաջիկայում կազմակերպվող Հնդկաստան-Հայաստան գործարար համաժողովի մասին։ Նաև անդրադառնալով վերջին տարիներին Հնդկաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի աճի միտումներին՝ նշել է, որ կա ցանկություն մեծացնելու նաև հայերի հետաքրքրությունը Հնդկաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ կա նաև մեծ հնարավորություն Հայաստանի տարածքում կազմակերպելու հնդկական ֆիլմերի նկարահանումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







