ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և մի շարք պատգամավորներ նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էր Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժ Աբրահամյանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:
Անդրանիկ Քոչարյանը փաստել է, որ երկու ժողովուրդները դարեր շարունակ համերաշխ ապրում են կողք կողքի և ըստ նրա՝ հայ-իրանական կապերը միշտ պետք է լինեն բարձր մակարդակի վրա։ Նա ընդգծել է, որ վերջին 30 տարվա ընթացքում Իրանը եղել է Հայաստանի կողքին, աջակցություն ցուցաբերել էներգետիկայի և մի շարք այլ բնագավառներում։
Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի խոսքով՝ Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները պետք է առավել խորացնել, ընդլայնել տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակը: Կարևորվել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը։ Այս համատեքստում՝ հայազգի պատգամավոր Ժորժ Աբրահամյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացումը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին։ Շեշտադրվել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի կարևորությունը։ Քննարկվել են նաևերկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







