2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված դրույթը, ըստ որի` տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն հարկային պարտավորություններից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հունվարի 1-ից որևէ մեկի կողմից ՀԴՄ կտրոն չթողարկելը ներման ենթակա չէ։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2019 թվականի հունվար-նոյեմբերին, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299 ՀԴՄ կտրոն ավել և դրա «շնորհիվ» առևտրաշրջանառությունն ավելացել է 303 մլրդ դրամով։
«Իրականում այս արդյունքներից գոհ եմ, սակայն ավելի բարձր նշաձող պետք է ունենալ»,- հավելել է ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք, որ ՀԴՄ–ների ներկրումն ու վաճառքն ազատականացնող որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է 2019 թվականի մայիսին։ Դրանից հետո, սակայն, տնտեսվարողները բարձրաձայնեցին ՀԴՄ սարքերի դեֆիցիտի մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






