«Հանրապետության նախագահը նախընտրություն է տվել այն կարծիքին, որը հնարավորություն է տալիս ճնշումներ գործադրել ՍԴ դատավորների նկատմամբ և իրավական համակարգում իրավունքի սկզբունքներին հակասող օրենքներ թողնել ուժի մեջ»։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ իրավապաշտպանի՝ եթե այդ մոտեցումները նախըտրելի են հանրապետության նախագահի համար, ապա դա որևէ կերպ դրական համարվել չի կարող։
Մելիքյանն ընդգծեց, որ օրենքի մասին բազմիցս հրապարակավ խոսել է և այն համարում է լուրջ հակասահմադրական տարրեր պարունակող։
«Այս օրենքը պարարտ հիմք կարող է ստեղծել ՍԴ դատավորների նկատմամբ շարունակելու ճնշումները»,-ընդգծեց իրավապաշտպանը։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթը։
Ըստ օրենքի, եթե Սահմանադրական դատարանի դատավորները մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կամովին հրաժարական տան, ապա մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը նրանք կստանան կենսաթոշակ՝ իրենց աշխատավարձի և պարգևավճարների չափով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







