Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել՝ Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Ուղերձում նշվում է, որ 1990թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում կազմակերպված՝ ազգությամբ հայ քաղաքացիների զանգվածային ջարդերը Ադրբեջանի կողմից պետականորեն ծրագրված հայատյացության և հայերին բռնի տեղահանելու քաղաքականության հետևանք էին:
ՀՀ Նախագահն իր ուղերձում շեշտում է այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունները մինչև օրս պատասխան չեն տվել էթնիկ հողի վրա հարյուրավոր մարդկանց սպանության, խոշտանգումների, բռնագաղթի, նրանց գույքի և սեփականության հափշտակման համար: Այսօր էլ նրանք շարունակում են Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ատելության քարոզչությունը՝ սրանով վտանգելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:
«Այսօր, գլուխ խոնարհելով մեր նահատակների հիշատակի առջև, ավելի քան երբևէ պետք է գիտակցենք, որ համախմբվածությամբ և միասնությամբ, համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել՝ հետայսու բացառելու նման հանցագործությունների կրկնությունը»,-նշել է Արմեն Սարգսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







