Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր այցելել են Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Կնեսետի նախագահը, դիմավորելով հյուրերին, մասնավորապես, նշել է․ «Մեզ համար մեծ պատիվ է ձեզ ընդունել մեր երկրում։ Ուրախ ենք ձեր այցելության համար՝ նույնիսկ եթե այն տեղի է ունենում ոչ այդքան ուրախ իրադարձության շրջանակում»։ Յուլի Էդելշտեյնը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաև Իսրայելում դեսպանություն բացելու՝ Հայաստանի որոշումը կարևոր անկյունաքար կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությունները տպավորիչ են, և դրանք հուշում են, որ պետք է մտածել ապագայի մասին․ «Կարող ենք համատեղ ստեղծել այդ ապագան և՛ որպես երկու պետություն, և՛ որպես երկու ժողովուրդ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, նույնն է նաև Իսրայելը։ Ես այստեղ եմ նաև համագործակցության ոլորտների նախանշման համար»:
Նշելով, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովրդի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։ Հայաստանի նախագահը բարձրացրել է Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով
Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև նախագահ Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շրջայց են կատարել խորհրդարանի շենքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






