ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 23-ին, ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունը։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:
Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև իր պաշտոնական այցը Նիդերլանդներ։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, ինչը կարևոր նշանակություն ունի եվրոպական գործընկերների հետ հարաբերությունները և համատեղ ծրագրերն ընդլայնելու առումով:
Ստեֆ Բլոկը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել է, որ ակնհայտ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները և ընդգծել, որ իր երկրի կառավարությունը ևս պատրաստ է փոխգործակցության արդյունքում նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







