ՀՀ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էվարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը, որով Արման Պետրոսյանը վերանշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: Պետրոսյանը որոշումը բնութագրել է իբրև պետական կառավարման համակարգի խայտառակ վիճակի արտացոլանք։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․
«Այս որոշումը ևս մեկ անգամ լավագույնս բնորոշում է պետական կառավարման համակարգի խայտառակ վիճակը. Վարչապետի աշխատակազմի առաջարկով 2019-ին քաղաքական որոշում է կայացվում մարդուն ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իսկ ուղիղ մեկ տարի անց վերանշանակվում է նույն պաշտոնին։ Մնացած մանրամասներին կանդրադառնամ մի օր երևի։ Հեղափոխությո՞ւն, չենք լսել նման բան…»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ։
Նշենք, որ Արման Պետրոսյանն ավելի վաղ զբաղեցնում էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալի պաշտոնը, սակայն վարչապետի 2019 թվականի հունվարի 29-ի որոշմամբ ազատվել էր այդ պաշտոնից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






