1․«Փաստ» թերթը գրում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով՝ ՀՀ ոստիկանության կողմից 2020 թվականի կարիքների համար կազմակերպված մի շարք ապրանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացված գնման գործընթացներում տնտեսվել են խոշոր դրամական միջոցներ:
Խնայողությունները կազմել են՝ 2020 թվականի համար միջնաժամկետ ծախսային ծրագրով հաստատված նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսված ֆինանսական միջոցների նկատմամբ՝ 956 մլն 272 հազար ՀՀ դրամ, 2020 թվականի համար նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում հայտերով ներկայացված նախահաշվային գների նկատմամբ՝ 505 մլն 132 հազար ՀՀ դրամ:
2․ «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանին չեզոքացնելու ճանապարհին երեկ հանգեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Սակայն եթե անգամ հաջողվի շրջանցել Սահմանադրական դատարանի համաձայնությունը, այնուամենայնիվ, Սահմանադրությունն ինքնապաշտպանության ևս մեկ մեխանիզմ է սահմանել, որը շրջանցել չի հաջողվի։
Ըստ Սահմանադրության 207-րդ հոդվածի՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: ՀՀ-ում, վերջին տվյալներով, քվեարկելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ, որի մեկ քառորդը կազմում է 643 հազար 729 ձայն։
Թերթը համեմատության համար նշում է, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ հեղափոխական էյֆորիան պիկի էր հասել,բարձր էր վարչապետի հեղինակությունը, իշխանությունը հավաքել է 884 հազար 849 ձայն։
3․ «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի և ԵԱՀԿ ու ԵԽ անդամ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների նախօրեի հանդիպումն անցել է բավականին սառը մթնոլորտում։
Չնայած Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը մանրամասն ներկայացրել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և փորձել են շահել դեսպանների համակրանքն ու որևէ դրական արձագանք կորզել նրանցից, այդուհանդերձ, վերջիններս բավականին զուսպ են եղել և գրեթե ոչ մի դրական մեսիջ չեն հղել։
Ըստ տեղեկությունների, նաև այս հանդիպումն է եղել պատճառը, որ իմքայլականները որոշել են օրակարգից հանել հակասահմանադրական ակնառու փոփոխությունների նախագծերը՝ Վահագն Հովակիմյանի հեղինակած, որով փորձ էր արվում յուրացնել ՍԴ լիազորությունները և շրջանցել ՍԴ և ՀՀ նախագահի կարծիքը՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ»:
4․ «Իրավունք» թերթի տեղեկություններով՝ Վիլեն Գաբրիելյանին դեռ 2018-ին էին պաշտոն խոստացել։ Օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նշանակվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն։ Ինչպես թերթի աղբյուրն է տեղեկացնում՝ Վիլեն Գաբրիելյանը հերթական քայլողն է եղել, ում դեռ 2018-ից էին պաշտոն խոստացել։
Թերթը հավաստիացնում է, որ Վիլեն Գաբրիելյանը, նույն ինքը՝ «Նավակ ճոճողը» շատ մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Իշխանափոխությունից հետո Տեր-Պետրոսյանը միջնորդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար դառնա կա՛մ Վլադիմիր Կարապետյանը, կա՛մ Վիլեն Գաբրիելյանը, սակայն վարչապետ Փաշինյանն ընտրել է Վլադիմիր Կարապետյանին, քանի որ Նավակ ճոճողը մասնագիտությամբ դեղագործ է։
5․ «Հրապարակ» թերթը գրում է, որ «Իմ քայլի» ոչ բոլոր պատգամավորներն են «համաձայն» եղել ստորագրել ՍԴ դատավորներին վերաբերող օրինագիծը։ Առանց ամբողջ ցուցակը նրանց ցույց տալու, ասվել է, որ բոլորը ստորագրելու են։
Երբ ոմանք իմացել են, որ ընդամենը 37 հոգի են ստորագրողները, և նրանց մեջ չկան Փաշինյանի եղբորորդին ու աներորդին, նաև մի քանի իրավաբան, առավոտյան մի քանի հոգով բացատրություն են պահանջել ԱԺ ղեկավարությունից և հայտարարել, որ դեմ կքվեարկեն։ Նիստը չսկսված նախագծի հետկանչումն ու ստորագրություններով համալրելը նաև սրանով է պայմանավորված եղել: Ի վերջո, ներկայացվել է 44 հոգու ստորագրությամբ։
6․«Փաստ» թերթի ՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանը որոշում է կայացրել նախագահական ընտրություններին գնալ սեփական թեկածուով:
Նախնական տեղեկությունների համաձայն, Բաբայանի թեկնածուն կլինի Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, որն աշխատել է տարբեր գերատեսչություններում և հանդիսանում է Բաբայանի հավատարիմ դեմքերից մեկը:
7․«Հրապարակ» թերթը գրում է, որ երեկ թոհուբոհի մեջ աննկատ չմնաց ԲՀԿ-ականների խորամանկ տրյուկը։ Նրանք, ի տարբերություն ԼՀԿ-ի, բավականին զուսպ էին իշխանություններին քննադատելու հարցում, և երբ եկավ ելույթների պահը, ԱԺ դահլիճում մարդ չմնաց՝ գնացին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, իսկ երբ վերադարձան, ելույթների հերթագրումն ավարտվել էր։
Թերթի հարցին, թե ինչու այդ «ճակատագրական» պահին լքեցին խրամատը, ո՛չ Միքայել Մելքումյանը, ո՛չ Իվետա Տոնոյանը հստակ պատասխան չեն տվել, ասել են միայն, որ շատ կարևոր հանդիպում ունեին։
8․«Իրատես» թերթը գրում է, թե ՍԴ-ին առնչվող օրենքի նոր փաթեթը «կենաց-մահու» կռիվ է դարձել իշխանությունների համար: «Իմքայլական» բոլոր պատգամավորները հատ-հատ մշակվել են. Բադասյանը թրեյնինգներ է անցկացրել նրանց հետ` «հետքայլի տեղ չունենք` за нами Москва» բովանդակությամբ: «Իմքայլականներին» հանրամատչելի բացատրվել է, որ եթե օրինագծի տակ չստորագրեն և չքվեարկեն, կհամարվեն դավաճան:
Միաժամանակ հասկացրել են պատգամավորներին, որ հոգով «ուզեն» այդ օրինագծի ընդունումը, որովհետեւ իրենց «կյանքը» ևս վտանգվում է, եթե չկարողանան Փաշինյանի ուզածով անել։ Նիկոլը կմտածի, որ այս պառլամենտն ընդհանրապես բանի պետք չէ, և անպայման կցրի այն, ինչի մտադրությունն առանց այդ էլ ունի:
Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել մեկ մարդու նման ստորագրելու օրինագծի նախագծի տակ:
9․ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերջին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, և վերջինս համաձայն է հարցը կարգավորել հանրաքվեով։
Սակայն այստեղ հետաքրքիր նրբերանգներ են թաքնված։ Ամեն դեպքում իշխանական կուլիսներում չեն բացառում, որ հանրաքվե այդպես էլ տեղի չունենա, իսկ դա կլինի այն դեպքում, երբ ՍԴ դատավորներն օգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու նախագծից։ Եվ այս մասին երեկ ԱԺ ամբիոնից ակնարկեց նաևՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց խորհուրդ տալով գնալ այդ քայլին։
10․ «Հրապարակ» թերթը գրում է, որ իշխանական շրջանակներում, դեռ «արջին» չսպանած, կիսում են նրա մորթին, որոշում, թե ովքեր են դառնալու ապագա ՍԴ դատավորներ։
Առայժմ հայտնի է նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, որը «նոն ստոպ» հարցազրույցներ է տալիս։ Ավելին` ՍԴ նախագահի պոտենցիալ թեկնածու` ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վերջին շրջանի «երկչոտ» պահվածքի ֆոնին կարող է նաև ՍԴ նախագահի հավակնություններ ունենալ։
11․«Իրավունք» թերթը գրում է, որ իշխանական կուլիսներում սկսել են մտահոգվել իրենց իսկ «եփած բորշչից»: «Իմ քայլի» հեղինակած նախագծով, ըստ որի, պետք է հանրաքվեով կարողանան չեզոքացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, և ՍԴ-ն իրենցով անել, միայն առաջին հայացքից է իմքայլականների համար այդքան բաղձալի:
«Իրավունքի» տեղեկություններով՝ նույն «Իմ քայլի» շարքերում կան մտահոգություններ, որ իրենք քաղաքականություն են վերադարձնում Հ. Թովմասյանին, ինչպես դա եղավ Ռոբերտ Քոչարյանի դեպքում:
Ավելին՝ նույնիսկ տեսակետներ կան, որ Հրայր Թովմասյանի վարկանիշի աննախադեպ աճը կարող է նրան հնարավոր խորհրարանական արտահերթ ընտրություններից հետո դարձնել ընդհուպ վարչապետ»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






