«Интерфакс-Украина»-ի աղբյուրների համաձայն` ժամը 5:00-ին Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական օբյեկտների հրթիռակոծումներ են սկսվել: «Հռթիռները խփում են ողջ սահմանի երկայնքով՝ Լուգանսկից մինչև Ժիտոմիր»,- ասել է աղբյուրը:
Հաղորդվում է նաև Ազովի ծովում և Օդեսայում Սևծովյան նավատորմի ուժերի կողմից դեսանտային գործողություն սկսելու մասին, Խարկովում ոչնչացվել է հրթիռահրետանային սպառազինության պահեստը։ Օդեսայում քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Նշվում է, որ Մարիուպոլում և Օդեսայում ռուսական դեսանտ է իջեցվում: Հաղորդվում է նաև Վասիլկովայում ավիացիայի բազաներում առկա հարվածների մասին:
Գործակալության հաղորդմամբ՝ հրթիռային հարվածներ են հասցվում նաև Դնեպրի շրջանում գտնվող ռազմական օբյեկտներին։ Մինչդեռ, ինչպես հաղորդում է TACC-ը, վկայակոչելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը, Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության միջոցներն ամբողջությամբ չեզոքացված են:
ՌԴ ՊՆ-ն հերքել է արևմտյան ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, թե ռուսական ինքնաթիռ է խոցվել՝ նշելով, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հայտնի է դարձել նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններն աարտակարգ խորհրդակցություն կանցկացնեն՝ քննարկելու համատեղ գործողությունները՝ ի պատասխան Դոնբասի պաշտպանության նպատակով Ուկրաինայում Ռուսաստանի զորքերի հատուկ ռազմական գործողության: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դաշինքի ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







