Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց լուրջ միջադեպերի։ Մարկովի (քաղաքագետ Սերգեյ Մարկովի-խմբ.) և նրա նմանների հնչեցրած մյուս բոլոր վարկածները նրանց խավիարային հովանավորների չիրականացված երազանքն են։
Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական հաղորդագրության մեջ։
«ՌՀՄ երիտասարդական կենտրոնում հաջողությամբ կայացած «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ կրքերի արհեստական բորբոքումը վկայությունն է այն բանի, որ ռուսական մի շարք ԶԼՄ-ների և պետական մարմինների ներկայացուցիչների վարքագիծը թելադրված է դրսից՝ երկրից, որի պաշտոնական ազգային հերոսներն են Ռասուլզադեն՝ Լեհաստանում Կարմիր բանակի դեմ Հայրենական Մեծ պատերազմում կռված Վերմախտի ադրբեջանցի լեգիոն հրամանատարը, ինչպես նաև Սաֆարովը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի հայերի միությունը նշում է, որ այդ հրապարակումների հետ կապված ապատեղեկատվություն է տարածվում մի շարք ռուսական ԶԼՄ-ներով, որոնց կապակցությամբ իրավաբանական ծառայությունները նախաձեռնել են հետաքննություն:
ՌՀՄ-ն պարբերաբար միջոցառումներ է անցկացնում՝ նվիրված Ռուսաստանի պատմական ժառանգությանը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների աջակցությանն ու մեծարմանը՝ փորձագետների, վետերանների և նրանց ժառանգների մասնակցությամբ: Մինչդեռ ադրբեջանական սփյուռքը գովերգում է Ռասուլզադեին, որը հրամաններ էր տալիս կրակել խորհրդային զինվորի վրա։ Վաղը, նախազգուշացնում են կազմակերպությունում, այդ նույն մարդիկ կարող են միջոցառումներ անցկացնել ի պաշտպանություն Ղրիմն ուկրաինական համարող Իլհամ Ալիևի դիրքորոշմանը:
Կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանում փաստացի գոյություն ունի արտասահմանյան գործակալական ցանց, որը պատրաստ է ցանկացած պահի միանալ ցանկացած պատվերի և նույն եռանդով գործել ինչպես հայերի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության դեմ:
ՌՀՄ-ում հիշեցնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմումի մասին՝ Գարեգին Նժդեհի ռեաբիլիտացիայի վերաբերյալ պետական մակարդակով ռուս-հայկական հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելու խնդրանքով, ինչը թույլ կտա մուտք գործել համապատասխան ռուսական արխիվներ: Պատասխանում նշվում էր, որ այդ հարցով զբաղվում են ամենաբարձր կառավարական մակարդակով։
Ընդգծվում է, որ Գարեգին Նժդեհը ռուսական կայսրությանը իր ծառայության համար պարգևատրվել է Գեորգիևյան երկու խաչերով։ ՌՀՄ-ում հայ ռազմական գործչի քրեական հետապնդման վերաբերյալ նշում են, որ 1948-ին Նժդեհը դատապարտվել է ՌԽՖՍՀ ՔՕ 4 հոդվածներով, և նրանցից ոչ մեկում ֆաշիստների հետ համագործակցության ցուցում չկա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







