Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:32

Թուրք-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ նախազգուշացում էր Եվրոպային. Վալերի Պեկրես

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը կարծում է, որ իր երկիրը՝ Ֆրանսիան, կարող է մի քանի հարթակներով դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում: Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, մյուսը Եվրոպայի մակարդակով հարցը բարձրացնելն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսն այդ մասին հայտարարեց Երևանում հայկական և ֆրանսիական լրատվամիջոցների հետ ասուլիսի ժամանակ:

«Գիտեք, որ հունվարին Ֆրանսիան ստանձնում է Եվրամիության նախագահությունը, և ես կարծում եմ, որ այստեղ կարևոր դեր ունենք համոզելու Եվրամիության մյուս երկրներին, որ առավել ներգրավվեն այս տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում»,- ասաց Վալերի Պեկրեսը՝ ողջունելով դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը:

Բացի այդ, Վալերի Պեկրեսը ցանկանում է Փարիզում միջազգային կոնֆերանս կազմակերպել ի աջակցություն Հայաստանի: Նրա խոսքով՝ այդ կոնֆերանսի օրակարգում կընդգրկվեն ինչպես խաղաղության հաստատման և պահպանման, այնպես էլ այլ կարևոր հարցեր, ինչպիսին է մշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը Հայաստանում և Արցախում:

Ֆրանսիացի գործիչը շեշտեց, որ շատ կապված է Հայաստանի հետ: Սա Վալերի Պեկրեսի երրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ նա Հայաստան է եկել 1990 թվականին, երբ աշխատում էր Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանությունում: Իր խոսքով՝ դա Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո էր, և այն ժամանակ, ինչպես հայտնի է, Ֆրանսիան հումանիտար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին և կարևոր դեր է խաղացել վերականգնողական աշխատանքներում:

Երկրորդ անգամ Պեկրեսը Հայաստան է եկել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո՝ 2018 թ. նոյեմբերին, որպես Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ՝ Իլ դը Ֆրանսի և Երևան քաղաքի հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Տավուշի մարզի հետ գործընկերություն ձևավորելու նպատակով:

«Իմ լավ ընկեր և քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը (1944-2020) նախաձեռնել էր գործընկերություն Տավուշի հետ, և մեր Իլ դը Ֆրանս շրջանը, փաստորեն, շարունակեց այդ գործընկերությունը», — պատմեց ֆրանսիական շրջանի ղեկավարը:

Ըստ նրա՝ 2018-ի իր այցը շատ հետաքրքիր էր: Նա հիշեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում ծառ տնկելը, հիշեց հայ ժողովրդի նորագույն շրջանի պատմության ամենամեծ ողբերգության՝ Հայոց ցեղասպանության մասին, որն, իր խոսքով, Ֆրանսիայի և հայ համայնքի ու Հայաստանի հարաբերությունների մեկնակետն է եղել, քանի որ 1915-ի ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր հանգրվանել են հենց Ֆրանսիայում՝ կազմավորելով այն մեծ համայնքը, որը շատ մեծ դեր ունի Ֆրանսիայի հասարակության մեջ:

Այդ համայնքի նշանավոր ներկայացուցիչներից է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ֆրանսահայ «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանը, որը Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության կազմում եկել էր Հայաստան:

Իսկ ընդհանուր առմամբ իր այցը Վալերի Պեկրեսը նվիրում է Հայաստանի այսօրվա ու վաղվա երիտասարդությանը, հատկապես՝ վերջին պատերազմում զոհված հիմնականում երիտասարդ տղաներին և արցախահայ շուրջ 80 հազար տեղահանվածներին. «Երիտասարդությունն է այս երկրի ապագան, և շատ կարևոր է, որ նրանք ապրեն ու բարգավաճեն հենց իրենց երկրում՝ ձեր հողի վրա: Գիտեմ, որ արտագաղթը շատ մտահոգիչ խնդիր է այսօր ձեր երկրում, սակայն Հայաստանը շատ տոկուն, դիմակայուն երկիր է, դիմակայուն են նրա ժողովրդավարական համակարգը, և այս տարվա ժողովրդավարական ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին այս փաստը»:

Այդ առումով ֆրանսիացի գործիչը անհրաժեշտ է համարում, որ Ֆրանսիան ու Եվրոպան օգնեն Հայաստանին բոլոր այդ գործընթացներում, և հենց այդ պատճառով է, որ, ըստ նրա, Ֆրանսիան պետք է ավելի շատ զբաղվի Հայաստանում կրթության ու մշակույթի ոլորտում գործընկերության զարգացմամբ, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ հիմնելով:

«Նաև պետք է զարգացնենք ու խորացնենք համագործակցությունը կրթության, ֆրանկոֆոնիայի, առողջապահության, մշակույթի, տնտեսական զարգացման ոլորտում: Իհարկե, կարևոր են նաև առևտրային փոխհարաբերությունները»,- ասաց Վալերի Պեկրեսը:

Իր այցելության շրջանակներում Իլ դը Ֆրանսի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Իր մեկնությամբ՝ այդ հանդիպումների ընթացքում իրենք խոսել են 2020-ի 44-օրյա պատերազմի և հետպատերազմական իրավիճակի մասին: Այդ համատեքստում նա կոչ արեց Բաքվին անվերապահորեն վերադարձնել Ադրբեջանում պահվող 51 հայ գերիներին, ինչպես նաև շեշտեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ 2020 թվականին Հայաստանի դեմ իրականացված ագրեսիան կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար:

«Կարծում եմ՝ այն, ինչ պատահեց Հայաստանում, կարևոր նախազգուշացում էր Եվրոպայի համար, և շատ սխալ կլիներ մեր կողմից թերագնահատել դրա կարևորությունը և մտածել, որ այդ ամենը, ինչ կատարվեց այստեղ, մեզ չի սպառնում, որովհետև Եվրոպայի պատմությունը լի է դասերով, որ վտանգները գլուխ են բարձրացրել այն ժամանակ, երբ դրանք թերագնահատվել են», — շեշտեց Վալերի Պեկրեսը:

Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը նաև ճաշել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ և նրա հետ քննարկել արհեստական բանականության ոլորտում հիմնադրամ ստեղծելու ծրագիրը: Հաշվի առնելով, որ Հայաստանը շատ մեծ գիտական ներուժ ունի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառում՝ Պեկրեսը կարծում է, որ կարելի է այդ ոլորտին առնչվող շատ հզոր մի բան կառուցել Երևանում՝ ներգրավելով Ֆրանսիական համալսարանին:

Իլ դը Ֆրանսի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Տավուշում բացվելու է գյուղատնտեսական լիցեյ, որը կրելու է Պատրիկ Դևեջյանի անունը:

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Իլ դը Ֆրանսի շրջանային խորհուրդը Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել, ինչպես նաև 75 հազար եվրո օգնություն է հատկացրել պատերազմի հետևանքով տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+