Իրականությունն այն է, որ մեր երկիրը բանակցային սեղանին մասնակցում է լոկ տնտեսական ու իրավական միավորի սուբյեկտայնությամբ, այնինչ, մենք ազգային ինքնությամբ պետություն ենք։ Այս մասին ՀՀԿ-ի 17-րդ համագումարին հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ իշխանությունները կարողացել են քարոզչական տարբեր հնարքներով բթացնել մարդկանց զգոնությունը, կերակրել առասպելական ստերով ու պահել, այսպես կոչված, թվային մատրիցայի մեջ։
«Իրականությունն այն է, որ համազգային այս աղետի հետևանքով մեր երկրում փորձում են օրակարգից հեռացնել մարդու արժանապատվությունը»,- շեշտեց ՀՀԿ նախագահը։
Սերժ Սարգսյանի դիտարկմամբ՝ մեր հայրենակիցներից փորձում են խլել արժանապատվության իրավունքը․
«Երբ քաղաքական ընդդիմախոսներին ու նրանց համախոհներին համատարած գաղտնալսում են ու զրկում անձնական կյանքի իրավունքից, երբ ծանր հոգեբանական ու սոցիալական իրավիճակում հայտնված զոհված զինվորի ընտանիքին պետության ունեցած պարտավորությունները կատարում են՝ հերթերում ժամերով սպասեցնելով, երբ ՀՀ հարկատուների և բարերարների հաշվին գործող Զինվորների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումը ներկայացնում են որպես կապիտուլյանտի անձնական լավություն, որի դիմաց սգավոր կինը պարտավոր է կանգնել տեսախցիկի առջև և շնորհակալություն հայտնել»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






