Սյունիքի Մեղրի համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական արդյունքներով հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը՝ ստանալով 2133 քվե՝ ձայների 42,8 տոկոսը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապաակած տվյալներով՝ «Ազատական» կուսակցությունը ստացել է 716 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 487 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ 1637 ձայն:
Հաղթող կուսակցության ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը:
Մինչդեռ ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզի Տաթև և Տեղ համայնքներում հաղթել են իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։
Տաթևում 1281 ձայնով առաջատար է ՔՊ թեկնածու Արթուր Մաթևոսյանը, իսկ Տեղ համայնքում՝ 1501 ձայնով Դավիթ Ղուլունցը։
Նշենք, որ Տաթևում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի թեկնածուի օգտին քվեարկել է 337 ընտրող, իսկ «Շանթ» դաշինքը ստացել է 949 ձայն։ Տեղ համայնքում ընտրապայքարը տեղի է ունեցել ՔՊ-ի և «Ապրելու երկիր» կուսակցությունների միջև։
ՏԻՄ ընտրությունների թեժ կետերից մեկը Դիլիջան համայնքն էր։
Այստեղ ընտրապայքարը տեղի էր ունենում 5 քաղաքական ուժի միջև։ Այստեղ հաղթել է ՔՊ թեկնածու՝ Դիլիջանի համայնքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը՝ 57 տոկոս ձայնով։ Նրա օգտին գրանցվել է 4 591 ձայն։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 1 927 ձայն, Հայրենիք» կուսակցության օգտին գրանցվել է 219 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է 514 ձայն, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ 605 ձայն:
Ընտրապայքարը թեժ էր նաև Գորիսում։ Այստեղ հաղթել է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։
ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին գրանցվել է 6 269 ձայն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին քվեարկել է 3 568 ձայն, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Կարեն Լազարյանի օգտին՝ 282 ձայն։
Իշխող կուսակցությունը ևս պարտվում է Գյումրիի ընտրություններում։
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը հավաքել է 9637 ձայն,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ձայն է տվել 7785 քաղաքացի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին հանրապետության 6 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել։
ԿԸՀ-ի տվյալներով ՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 33.23%, ընտրություններին մասնակցել է 55.410 ընտրող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






