«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն ուրվագծվում է, թե ովքեր են լինելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած նախընտրական ցուցակի առաջին տասնյակում։ Համենայնդեպս, մի քանի աղբյուրներից ստացված ինֆորմացիայի համադրմամբ՝ ցուցակը հետեւյալ տեսքն է ունենալու․ այն կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը, երկրորդ համարը կզբաղեցնի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Երրորդը պարտադիր կին պետք է լինի․ երկար տատանումներից հետո Ռոբերտ Քոչարյանի ընտրությունն առաջին կին թեկնածուի հարցում, այդուհանդերձ, կանգնել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վրա, որը ՀՀԿ-ից անցում կատարեց դեպի քոչարյանական ճամբար։ Չորրորդ-հինգերորդ տեղում թերեւս գեներալները կլինեն՝ Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով։
Ցուցակի երկրորդ կինը կլինի ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը։ ՀՅԴ պայմաններից մեկն էլ ցուցակում հավասար ներկայացվածությունը պետք է լինի, որը Ռ․ Քոչարյանի կողմից ըմբռնումով է ընդունվել։ Ապա ցուցակում կլինի մյուս դաշնակից կուսակցության՝ «Վերածնվող Հայաստանի» նախագահ Վահե Հակոբյանը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ զինված ուժերի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները բավականին վատ ազդեցություն ու տպավորություն են թողել զինվորականների վրա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաբայանը հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատերազմի պարտության ողջ մեղքը բարդել էր զինվորականների, բանակի վրա՝ փորձելով մաքրել քաղաքական իշխանությանը: Հիմնական թիրախը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն էին, սակայն հասկանալի է, որ, ընդհանուր առմամբ, փորձ է արվում պարտությունն ամբողջությամբ բարդել բանակի վրա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը, ինչպես նաեւ ԲՀԿ-ից հեռացած Գեւորգ Պետրոսյանը երեկ գրությամբ դիմել են ԱԺ երեք խմբակցություններին՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով։
Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ խմբակցություններն իրավունք ունեն նախաձեռնելու էթիկայի հանձնաժողովի ստեղծում, իհարկե, ԱԺ մեծամասնության քվեարկությունից է կախված՝ այն կձեւավորվի՞, թե՞ ոչ։ Անկախները կարծում են, որ պատգամավորը սյունեցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել՝ սյունեցիների մասին լրագրողների հետ զրույցում ասելով․ «Պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն օրըստօրե խորանում է, ավելին՝ մտնում է փակուղի։ Ինչպես հայտնի է, Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը նոր լիցք հաղորդեցին քաղաքական վակուումին և առավել հստակ ի ցույց դրեցին հանրության մեջ առկա դժգոհությունն ու իշխանության հանդեպ տոտալ անվստահությունը: Առանձին մասնագետների պնդում են, որ հնարավոր է՝ այս զարգացումները գործող իշխանության համար ունենան բավական անդառնալի հետևանքներ։ Այս առումով թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։
Մեր տեղեկություններով, իշխանական ճամբարում տրամադրություններն այնքան էլ միանշանակ չեն տեղի ունեցող զարգացումների առումով, իշխանության շարքերում գտնվողներից ոմանք բավական ծանր են տարել հանրության նման ագրեսիվ պահվածքն իրենց նկատմամբ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին թեեւ Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը, սակայն ՍԴ անդամ Երվանդ Խունդկարյանը հատուկ կարծիք է գրել եւ ուղարկել է ԱԺ, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել՝ նշելով, որ հարցը գտնվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի տիրույթում, որը պիտի որոշեր՝ պատգամավորը թո՞ւյլ է տվել էթիկայի խախտում, թե՞ ոչ։
Միայն դրանից հետո կարելի էր զրկել նրան հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Խունդկարյանը գտել է, որ Զոհրաբյանի վերաբերյալ ԱԺ որոշումը պետք է ճանաչվի հակասահմանադրական»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեզ հասած լուրերի՝ վերջինս մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու մեջ:
Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է եւ հայտնել՝ վրիպում է տեղի ունեցել, ուղեկցողը շփոթվել է, անփույթ է եղել, եւ նաեւ ասել է, թե ինքը ինքնագլուխ այդ հրամանը չի տվել»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







