Ապրիլի 19-20 տեղի ունեցավ Արևելյան գործընկերության Եվրանեսթի ԽՎ-ի լիագումար առցանց նիստը, որի արդյունքների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաշվետվություն ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։
Նա նշեց, որ ապրիլի 19-ին տեղի են ունեցել 4 հանձնաժողովի նիստեր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և էներգետիկ հարցերով։
Ըստ Ենգիբարյանի՝ առանձնահատուկ կարևորություն է տրվել այն հանգամանքին, որ մարտի 1-ից արդեն ուժի մեջ է մտել Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագիրը։
«Վեհաժողովում տեղի ունեցավ լայն քննարկում՝ Covid-19-ի հետ կապված խնդիրների վերաբերյալ, շեշտադրումներ կային անվտանգության հարցերի շուրջ»,- ասաց Ենգիբարյանը՝ տեղեկացնով, որ հայկական պատվիրակությունն ուշադրություն է հրավիրել նոյեմբերի 9-ի հայտարարության դեռևս չիրականացված կետերին։ Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, գերիների վերադարձի, Բաքվի խայտառակ պուրակի, հայկական մշակութային ժառանգության պահպանման թեմաներին։
Ենգիբարյանը տեղեկացրեց, որ ի տարբերություն Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների նախագահների՝ Ադրբեջանի մեջլիսի նախագահը ելույթ չի ունեցել, ինչը, Ենգիբարյանի խոսքով, հուշում է, որ Եվրանեսթի աշխատանքներով Ադրբեջանը բավարարված չէր։ Բանն այն է, որ նրանց առաջարկած բոլոր հակահայկական կետերը դուրս են մղվել տարբեր բանաձևերից։
Ինչպես նշեց Եվրանեսթի էներգետիկ հանձնաժողովի անդամ Արման Եղոյանը՝ ադրբեջանցիները բարձրացրել են սովետական ատոմակայանների հարցը՝ բնականաբար նկատի ունենալով հայկական ատոմակայանը, բայց, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, իրենց այդ առաջարկությունը՝ այդ ատոմակայաններին ավելի ուշադիր լինելու, փակելու մասին, տապալվեցին էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







