Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից։
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն էլ հայտնել է, որ քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին: Իսկ հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ քվեարկությանը 93 պատվիրակ կողմ է քվեարկել, 21-ը՝ դեմ և 18-ը՝ ձեռնպահ:
ԵԽԽՎ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նստաշրջանը տեղի կունենա հիբրիդային ձեւաչափով՝ խորհրդարանականների սահմանափակ ներկայությամբ, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:
Հիշեցնենք, որ թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







