Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
«Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի մասնակցելու այս ընտրություններին: Համոզված եմ, որ նա աննշան ձայներ կհավաքի», — ասել է Աբրահամյանը САР Инфо- ին տված հարցազրույցում ՝ նշելով, որ Փաշինյանի վարած անտաղանդ քաղաքականությունը հանգեցրեց Հայաստանում տնտեսական և քաղաքական այնպիսի խոր ճգնաժամի, որը Հայաստանի ամենածանր ժամանակաշրջանում՝ 1990-ականների առաջին կեսին չէր նույնիսկ:
ՌՀՄ նախագահը նկատել է, որ Հայաստանն այսօր կանգնած է իր պետականությունը կորցնելու սպառնալիքի առաջ, ուստի շատ կարևոր է ճիշտ ընտրություն կատարելը, առավելագույն ակտիվ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին:
Արա Աբրահամյանը հայտարարել է ընտրական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու իր մտադրության մասին:
«Մենք մեր երկիրը վերակենդանացնելու բոլոր հնարավորություններն ունենք: ՀՀ քաղաքացիների երեխաների ներկան և ապագան կախված կլինի նրանից, թե ինչպես են նրանք քվեարկելու ընտրություններին: Յուրաքանչյուր քվե որոշիչ նշանակություն ունի, ուստի ես բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին», — ասել է Աբրահամյանը ՝ շեշտելով, որ Փաշինյանի իշխանությունը պետք է ավարտվի:
Աբրահամյանը հայտարարել է, որ առաջիկայում կայցելի Հայաստան: «Ընտրական գործընթացներին մասնակցության ձևաչափի` իմ թիմի, ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների և այլնի մասին, ես ձեզ կտեղեկացնեմ Հայաստանի քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից հետո», — ասել է Արա Աբրահամյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






