Միջազգային հանրությունը որևէ կերպ չի արձագանքել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հանցագործություններին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արգելված զենք օգտագործելու փաստին: Այս մասին ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ցեղասպանությունը և Առաջին համաշխարհային պատերազմը. Միջազգային պայմանագրեր․ Պատմական զուգահեռներ» խորագրով քննարկմանը:
«44-օրյա պատերազմի ընթացքում մենք տեսանք միջազգային հանրության միայն չեզոք վերաբերմունքը, երբ քաղաքներն ու գյուղերը իրականում ավերվեցին, և օգտագործվեց արգելված զինամթերք: Միջազգային հանրությունը չի արձագանքել այդ հանցագործություններին»,- ասաց դիվանագետը:
Նա Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին միջազգային հանրության չեզոք վերաբերմունքը համեմատեց Ալեքսեյ Նավալնիի հետ կապված պատմությանը ԱՄՆ-ի և Եվրամիության արձագանքի հետ, երբ նոր պատժամիջոցներ սահմանվեցին Ռուսաստանի դեմ:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ պատժամիջոցներ կիրառում մեկ անձի պատճառով: Բայց երբ միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ ոչնչացվում է մի ամբողջ ժողովուրդ, ինչ-ինչ պատճառներով համաշխարհային հանրությունը լռում է»,- շեշտեց Տողանյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







