Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը զարմանում է, թե ինչու են ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիաներ անցկացնում Հայաստանի կառավարության առջև և փորձում հանդիպել Արտաքին գործերի նախարարի հետ։
ՌԴ մեկնել ցանկացողները նաև փորձել են հանդիպել Զարեհ Սինանյանի հետ։
Առաջին լրատվականին տված հացազրույցում Սինանյանը հայտարարեց, որ ՌԴ մեկնել ցանկացողները պետք է դիմեն ՌԴ դեսպանատուն։
«Պետք է դիմեն դեսպանատանը, որպեսզի իրենց արտոնություն տրվի ՌԴ մեկնելու համար։ Թյուր է այն տպավորությունը, որ պետությունն այս ուղղությամբ կարող է այլեր ձեռնարկել, բայց չի անում։ Ցանկացած պետություն այս ծայրահեղ պայմաններում փորձում է իր սահմանները վերահսկելի պահել։ ՌԴ-ն, որպես սուվերեն պետություն, որոշել է, որ այս պահին այսպիսի սահմանափակումներ պետք է լինեն։ ՌԴ-ի այս սահմանափակումները Հայաստանի կապ չունի, սա համընդհանուր սամանափակումներ են, որոնք բխում են ՌԴ-ի առողջապահական կարիքներից»,- բացատրեց նա։
Զարեհ Սինանյանը նկատում է, որ որոշ մարդիկ օգտվելով, ՌԴ մեկնողների խնդիրներից, փորձում են այս ամենը վերածել հակակառավարական դրսևորման, այն դեպքում, երբ բարձրացրած հարցը կառավարության հետ որևէ կապ չունի։
Զարեհ Սինանյանի տեղեկացմամբ՝ ՌԴ մեկնել ցանկացողների հետդարձը կազմակերպելու համար ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՌԴ մեկնել ցանկացողները բողոքի ակցիաներ են կազմակերպում ՌԴ դեսպանատան, ԱԺ-ի, կառավարության առաջ՝ պահանջելով կազմակերպել իրենց հետդարձը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։




