Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆազեյիին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Պաշտպանության նախարարը շնորհավորել է տիկին Ֆազեյիին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել նորանոր ձեռքբերումներ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։
Քննարկման ընթացքում Դավիթ Տոնոյանը գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակով և հույս հայտնել, որ համավարակով պայմանավավորված սահմանափակումների մեղմացումից հետո փոխգործակցությունը նոր թափ կստանա։ Կարևորվել է հատկապես երկկողմ ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ դիրքորոշումների փոխանակման նպատակով։
Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ներկայացրել իր մտահոգությունները անվտանգային միջավայրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







