Հայտարարությունները, թե Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի իմացությամբ, քաղաքական տեսակետից տգիտություն են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկամանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության իմացությամբ և թույլտվությամբ Ապրիլյան պատերազմը տեղի ունենալու վերաբերյալ մտահոգությունների մասին քննարկում է ունեցել ՌԴ գործընկերների հետ:
«Գիտե՞ք, այդ հարցի հասցեատերը ես չեմ, և ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ են տրվել, կամ ինչ քննարկումներ են եղել ՌԴ գործընկերների հետ: Եվ ես խնդրում եմ, դուք առիթներ շատ եք ունենում հարցեր տալ հասցեատիրոջը, և դրա համար ես ձեզ շատ շնորհակալ կլինեմ։ Ինչ վերաբերում է բուն գաղափարին, այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսակետից տգիտություն են: Երբ մարդիկ դաշնակիցների վերաբերյալ չստուգված, վարկաբեկող մտքեր են հայտնում, դա ունենում է շատ խորը հետևանքներ և ոչ միայն այդ պահին: ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Այդպիսի հայտարարությունը նշանակում է ուղղակի մեղադրել քո դաշնակցին պատերազմ հրահրելու, այսինքն՝ դավաճանության մեջ: Դա անթույլատրելի է, անթույլատրելի է հատկապես այն պարագայում, երբ ՌԴ-ն մեզ հսկայական օժանդակություն է ցուցաբերել՝ որպես դաշնակից», — նշեց երրորդ նախագահը։
Երրորդ նախագահը հույս հայտնեց, որ շատերը կհիշեն 2010 թ. ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստան, որի շրջանակներում մենք փաստաթուղթ ստորագրեցինք, լրացուցիչ արձանագրություն, որով ՌԴ ռազմական բազան լրացուցիչ պարտականություններ վերցրեց:
«Մինչ այդ ՌԴ ռազմական բազան պատասխանատու էր ԱՊՀ արտաքին սահմանների համար, իսկ 2010 թ. ստորագրած փաստաթղթով՝ իր վրա պատասխանատվություն վերցրեց նաև ՀՀ ողջ սահմանների երկայնքի համար: Գումարած դրան՝ պատասխանատվություն վերցրեց նաև մեզ օժանդակելու, թարմացնելու մեր սպառազինությունը»,- ասաց երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ մենք մինչև 2018 թվականի ապրիլյան իրադարձություններ ստացել ենք 50000 տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն, իսկ դա նշանակում է, որ դրա համար չես վճարում:
«Այդ թվի մեջ չի մտնում «Իսկանդերը», «Точка У»-ն, 200 միլիոն, 100 միլիոն դոլարի պայմանագրով նախատեսված սպառազինությունները, և այսպիսի պարագաներում խոսել այն մասին, թե ՌԴ գիտությամբ և հրահրմա՞մբ են տեղի ունեցել Ապրիլյան իրադարձությունները, կարծում եմ, ուղղակի պարզապես սխալի արդյունք էր: Չի կարելի այդպիսի հայտարարություններ անել: Եվ ես սրա վրա ծանրանում եմ ոչ թե նրա համար, որ այսպիսի հայտարարություններ անողները այսօր իշխանության են, ես սրա վրա ծանրանում եմ, որպեսզի ապագայում այդպիսի մոտեցումներ չթույլատրվեն»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Սարգսյանը նշեց, որ Հայաստանից բացի, որևէ մեկը «Իսկանդեր» չունի, և անգամ Բելառուսը, որը ՌԴ-ի հետ ունի ընդհանուր պետության գաղափար, չունի այդ զինատեսակը, և միայն դրա առկայությունն էր, որ 2016 թ. ապրիլին լայնածավալ, խոշորամասշտաբ պատերազմ տեղի չունեցավ, այլ եղան լայնամասշտաբ ռազմական գործողություններ:
«Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ադրբեջանցիները այդ լայնածավալ ռազմական գործողությունները սկսեցին իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերով: Նրանց հրետանին հասանելի էր մեր մի քանի զինավանների մշտական տեղակայման վայրերին: Ինչո՞ւ չօգտագործեցին: Ակնհայտ է, չէ՞, պատասխանն ի՞նչ էր լինելու: Պատասխանը լինելու էր շատ ուղիղ. «Իսկանդերի» հրթիռները հասնելու էին Բաքու, Գյանջա, և դրանից հետո պարզ չէր, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարո՞ղ էր դիմանալ այդ կորուստներին ներքաղաքական իմաստով: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ ադրբեջանցիները չօգտագործեցին ռազմական ինքնաթիռներ: Չօգտագործեցին, որովհետև դրանք հենց փորձում էին մոտենալ սահմանին, նրանք արդեն գտնվում էին С-300-ի թիրախում, իսկ դրանք մենք ստացել ենք որպես ռազմատեխնիկական օժանդակություն: Գիտե՞ք, միգուցե այդ հարցադրման պատճառը եղել է նաև այն, որ ռազմական գործողությունները տևել են մինչև ապրիլի 5-ը, և շատերը կարծում էին, որ առաջին օրը Ռուսաստանի կողմից պետք է դադարեցվեին այդ գործողությունները: Իսկ դուք վստահ էի՞ք, որ Ռուսաստանը հենց առաջին օրը կարող էր ասել՝ ավարտեք այդ պատությունը: Հո Ադրբեջանը Ռուսաստանի ենթական չի՞: Իսկ միգուցե այդ ռազմական գործողությունները տևեցին 4 օր նաև այն պատճառով, որ ադրբեջանցիները համոզվեն, որ իրենք ի վիճակի չեն ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ դաշնակիցների, գործընկերների մասով հայտարարությունները պետք է շատ հղկված լինեն, որովհետև դրանք ունենում են դրական և բացասական իմաստներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







