- «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ դեռևս օգոստոսի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: Բայց պարզվում է՝ այդ հանձնարարությունը բավականին ուշացած է եղել ու անտեղյակ գործընթացներից: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս 2020 թվականի ապրիլ ամսին վերոնշյալ հարցի հետ կապված ուսումնասիրություններ են կատարվել, կոմիտեն կոնկրետ հարցումներ է ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով, անձնագրային վարչություն եւ մի շարք այլ գերատեսչություններ եւ ստացել պատասխաններ:Այստեղ հարց է առաջանում՝ մի՞թե Ռուբեն Հայրապետյանի գործը հսկող դատախազը տեղյակ չի եղել, թե կոմիտեն ինչ աշխատանքներ է տանում, տեղյակ է եղել, սակայն իր վերադասների մոտ է ցույց տվել, թե իր հանձնարարությունն է անհրաժեշտ, որպեսզի Հայրապետյանի մանդատ ստանալու օրինականության հարցն ուսումնասիրվի: Ստացվում է, որ գլխավոր դատախազությունը, մեղմ ասած, տեղում չէ եւ հանրության աչքին թոզ է փչում, թե բոլոր գործընթացների օրինականության մասով խիստ մտահոգ է: Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանն առաջին անգամ պատգամավոր էր ընտրել 2003 թվականի մայիսի 25-ին, դրանից մոտ մեկ ամիս անց դարձել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։ Երկրորդ անգամ Հայրապետյանը պատգամավոր էր ընտրվել 2007 թվականի մայիսի 12-ին, երրորդ անգամ էլ՝ 2012-ին։
Եվ ահա, պարզվում է, որ նա ամենեւին էլ Սահմանադրության խախտումով չէ այդ տարիներին պատգամավոր ընտրվել: Բանն այն է, որ 2005 թվականին ընդունված Սահմանադրության հոդված 64-ն ասում է. «Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:
Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության հոդված 48-ում ասվում է. «Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:
Ինչպես նկատելի է, 2015 թվականին ընդունված Սահմանադրության մեջ ընդգծված է «միայն» բառը, այսինքն՝ այդ տարվանից հետո է պարտադիր դարձել, որ պատգամավորը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի, իսկ մինչ այդ գործող Սահմանադրության մեջ նման պարտադրանք չի եղել: Եվ ահա, ստացվում է, որ Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավոր ընտրվելու գործընթացում որեւէ խախտում չի եղել. Սահմանադրությունը թույլատրել է նրան լինել ե՛ւ երկքաղաքացի, ե՛ւ պատգամավոր:
- «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու որոշումից հրաժարվել կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը:Ինչպես հայտնի է, իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավորների մեծ մասը սվիններով էր ընդունել կառավարության թեկնածուին, և նրա հետ կապված տարբեր շրջանակներում դժգոհություն էր հասունացել: Եվ մի քանի նիստ անելուց և իրավիճակը հասկանալուց հետո իշխող խմբակցությունը հասկացել է, որ անհնար է դառնում կառավարել խմբակցությանը և այնպես անել, որ կողմ ձայներ ապահովեն ու այդ մասին անկեղծորեն ասել են կառավարությանը:
Ըստ այդմ՝ արդեն նախկին թեկնածուին՝ Ավետիսյանին՝ խորհուրդ տալով հրաժարվել, և վերջինս էլ համաձայնել է: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այժմ կառավարությունը նոր թեկնածու է փնտրում, սակայն իշխող թիմն ուզում է ամեն ինչ անել, որ նա չլինի հենց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի թեկնածուն. մի մասի համար նույնիսկ նախընտրելի է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Միևնույն ժամանակ ընդգծենք, որ Վահրամ Ավետիսյանի տապալումը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լոբբինգի արդյունքն էր:
- «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ տևական ժամանակ է` խոսվում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը վերջին ժամանակներս լոբբինգ է անում, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվի հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը:Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արամ Սահակյանը Հակոբ Սիմիդյանի ընկերն է և այդ պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նրա լոբբինգն է անում՝ ասելով, թե նա է ամենահարմար և ընդունելի թեկնածուն՝ ասելով, թե միակ մարդն է, որ կարող է այդ ճգնաժամային իրավիճակից դուրս հանել ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մեկնաբանության համար դիմել է Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին, որը հերքել է թերթի ունեցած տեղեկությունները։
- «Հրապարակ» թերթը գրում է, որ կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահրամ Ավետիսյանի ինքնաբացարկը երեկ ցնծությամբ են ընդունել իշխող խմբակցությունում։ Հարցին, թե ինչպես կամ ինչու Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր քայլից և չստիպեց ԱԺ-ին ու «Իմ քայլին»՝ ընտրելու իր թեկնածուին, իշխանական թերթի աղբյուրը պատասխանեց, որ վարչապետը, ըստ էության, պատժեց արդարադատության նախարար, կարկառուն սորոսական Ռուստամ Բադասյանին, որը, ասում են, մոլորեցրել է Փաշինյանին և ճիշտ չի զեկուցել իրականությունը։Բանն այն է, որ Բադասյանը մինչ այդ Փաշինյանի վստահելի իրավաբանների շրջանակում քննարկել է մի շարք թեկնածություններ, կարելի է ասել՝ մինի քասթինգ են անցկացրել, մասնակցել են նաև ՀԱԿ-ին հարող իրավաբաններ, անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է «ներկայացուցիչ» ունեցել, և բոլորը կարծես եկել են եզրակացության, որ Ավետիսյանը չի կարող ՍԴ գործուղվել։ Թեկնածուների թվում է եղել նաև Արտակ Զեյնալյանի անունը։ Բայց երբ Բադասյանը մի քանի «ընտրյալներից» կազմված ցանկը ներկայացրել է Փաշինյանին, վերջինս գայթակղվել է Ավետիսյանի գիտնականի կոչումով և ընտրել է հենց նրան, իսկ Բադասյանը չի տեղեկացրել, որ վարչապետի վստահելիների «նեղ կռուգը» մերժել է նրան։ Միայն առաջադրումից և բարձրացված աղմուկից հետո է ջրի երես դուրս եկել իրականությունը։ Ասում են, որ Բադասյանն այժմ կառավարությունում «պերսոնա նոն գրատա» է հայտարարված, և չի բացառվում, որ շուտով նրան հրաժեշտ տան։
- «Հրապարակ» թերթը գրում է, որ «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր Արցախում են՝ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ։ Հաղորդագրություններ են տարածում խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների մասին, սակայն գլխավոր ինտրիգը մնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը։ Բանն այն է, որ չնայած Վանեցյան-Արայիկ Հարությունյան վաղեմի մտերմությանն ու բարեկամությանը, Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ահից մերժել է նախապես պայմանավորված հանդիպումը։ Իսկ Փաշինյանն այնքան է զայրացել այդ հանդիպման հնարավոր փաստից, որ «հսկիչներ» է ուղարկել Արցախ․ Սիփան Փաշինյանը ևւ Հայկ Գևորգյանն այժմ Արցախում են։
- «Հրապարակ» թերթը գրում է, որ արձակուրդի մեջ գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ օղակը սեղմվում է։ Թեպետ մի քանի անգամ գրվել է, որ նա ազատման դիմում է գրել, որն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել, սակայն կորոնավիրուսի համաճարակն ընդհանրապես ակնհայտ դարձրեց, որ քաղաքապետը տեղում չէ։ Քաղաքապետարանի աղբյուրներն ասում են, որ այժմ նրանից խիստ դժգոհ է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Եվ համառ լուրեր կան, որ Մարությանը հնարավոր է թողնի պաշտոնը։ Ու քանի որ դեռևս չի լրացել նրա պաշտոնավարման ժամկետը, և Երեւանի ընտրություններին 3 տարի դեռ կա, ըստ օրենքի՝ ավագանու մեծամասնություն կազմող խմբակցությունը պետք է իր կազմից ընտրի քաղաքապետ։ Այժմ շրջանառվում է ավագանու «Իմ քայլի» անդամ, նախկին ակտիվիստ, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի անունը։ Մենք ողջ օրը փորձեցինք կապ հաստատել Կոտոլյանի հետ․ նա մեկ անգամ պատասխանեց զանգին՝ ասելով, թե ավելի ուշ փորձենք, ապա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Ի դեպ, նշենք, որ Կոտոլյանը հսկայական ունեցվածք էր հայտարարագրել, որի շուրջ ժամանակին աղմուկ բարձրացավ։ 2018 թ. հայտարարագրում «8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք» հատվածում, օրինակ, Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է ձեռքի ժամացույց: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 35 հազար ԱՄՆ դոլար եւ 260 հազար ռուսական ռուբլի։
- «Հրապարակ» թերթը գրում է, որ պաշտոնաթողությունից հետո էլ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հանգիստ չունի: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին ընդառաջ, իշխանությունը հերթական շոուն կբեմադրի` կապված Սիմոնյանի հետ: Թերթի աղբյուրն ասաց, որ խոսքը 20 միլիոն դրամի ենթադրյալ չարաշահումների մասին է, որը Սիմոնյանը 2016-17 թվականներին վճարել է ԵՊՀ-ին մատուցված ծառայությունների համար, հենց ինչի առթիվ էլ շուտով նոր քրեական գործ կհարուցվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







