«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթերում նշված չէ, որ Հայաստանը կամ Հայաստանի զինված ուժերը Արցախը օկուպացրել է։ Այդ բանաձևերում նշված է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժեր»։ Այս մասին «BBC-ի «Hard talk» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով հայկական զինված ուժերին կոչ է արվում անհապաղ դուրս գալ Ադրբեջանի տարածքներից, և այդ պարագայում Հայաստանը չի կարող լինել խաղաղություն ստեղծող (peacemaker)։
«Հակամարտությունը սկսվեց այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչության 80-90 տոկոսը հայերին էին, և Ադրբեջանը փորձում էր այս տարածքը մաքրել հայերից»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։
Հարցին, թե ինչպես է Հայաստանը հանդես գալիս որպես խաղաղություն պարտադրող երկիր, երբ Հայաստանից Արցած ճանապարհ է կառուցում՝ վարչապետը նշեց․
«Հայաստանի կառավարությունը ճանապարհ չի կառուցում դեպի Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է ճանապարհ կառուցում՝ գործելով իր բնակչության շահերից։ Ղարաբաղում ապրում են մարդիկ, որոնք ունեն սննդի, տեղաշարժի, մատակարարումների կարիք, իսկ Ադրբեջանն իրականացնում է շրջափակման, իզոլացման քաղաքականություն Արցախի, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ»։
Վարչապետն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը ազգայնական չէ։
«Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ֆիզիկանան գոյությունը վտանգի տակ է: Ադրբեջանը պետք է մոռանա ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մասին, Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ընդգծեց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







