Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարությունում այսօր՝ հուլիսի 3-ին, տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թ. և 2020 թ. 1-ին եռամսյակում կատարման ենթակա միջոցառումների իրականացման վերաբերյալ զեկույցը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այդ համատեքստում ներկայացրել է կարևոր ձեռքբերումները՝
• 2019 թ. նոյեմբերին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը: Հանձնաժողովը սահմանել է դատավորների թեկնածուների հավակնորդների, ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների թեկնածուների, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց բարեվարքության ստուգման կարգավորումները, ձևավորվել են համապատասխան օրենսդրական հենքերը, ներկայում իրականացվում է դրանց կիրարկման գործընթացը:
• Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի օրենքով սահմանումը: Արդեն ավարտին է հասցվել դատախազների թեկնածուների ընտրության փուլը, որոնք հաջորդ շաբաթվանից կվերապատրաստվեն Արդարադատության ակադեմիայում, և Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումն այս տարվա սեպտեմբերից արդեն կգործի:
• Կոռուպցիայի քրեականացման առումով՝ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության կառուցակարգերի նախատեսումը:
Վարչապետը հետաքրքրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի ներդրման շրջանակում բարեվարքության ուսումնասիրության գործընթացով: Ի պատասխան՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը նշել է, որ 2020 թ. հունիսին բարեվարքության մեթոդաբանության հիման վրա Հանձնաժողովն իրականացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց բարեվարքության ստուգում, և ներկայացրել է 26 թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացություն, որից 2-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական վերապահումով, իսկ 13-ը՝ դրական:
Վարչապետն ընդգծել է, որ հակակոռուպցիոն ուղղությունն արտացոլում է կառավարության քաղաքական կամքը, և նախատեսված միջոցառումների լիարժեք իրականացման համար տրամադրվելու են անհրաժեշտ բոլոր միջոցները:
Նիստում ներկայացվել են նաև առաջիկա նիստերում հանրային կառավարման բարեփոխումներին, ներդրումային քաղաքականության հակակոռուպցիոն մեխանիզմներին և այլ թեմաների անդրադառնալու առաջարկներ: