Հայաստանի իշխանությունները Սյունիքի բնակիչներին չեն զգուշացրել զինված ադրբեջանցի զինծառայողի հնարավոր ներթափանցման մասին, քանի որ սահմանը հատելու վերաբերյալ հաստատված տեղեկություն չեն ունեցել, իսկ չճշտված տվյալների հրապարակումը կարող էր խուճապ առաջացնել։ Այսպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել իշխանությունների գործողություններն Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը նախապես Հայաստանին տեղեկացրել էր ծառայության վայրն ինքնակամ լքած զինծառայողի մասին։ Երկու կողմը որոնողական աշխատանքներ էին իրականացրել, իսկ համապատասխան ծառայություններն ամեն օր կապ պահպանել։ Սակայն, ըստ Փաշինյանի, զինծառայողի՝ Հայաստանի տարածք անցնելու փաստը հաստատված չէր։
Լրագրողը հարցրել է՝ ինչո՞ւ բնակիչներին չեն զգուշացրել առնվազն հնարավոր վտանգի մասին, որպեսզի նրանք ավելի զգույշ լինեին։ Ի պատասխան՝ Փաշինյանն առաջարկել է պատկերացնել իրավիճակ, երբ հայտարարվում է զինծառայողի՝ Հայաստան անցնելու մասին, նրան մեկ ամիս չեն գտնում, ապա պարզվում է, որ նա Ադրբեջանում է։
«Այսինքն՝ ամիսներով պետք է այդ ձեր ասած խուճապի մթնոլորտը պահպանվի»,- ասել է վարչապետը։
Տեղեկությունը, փաստացի, գաղտնի պահելու մասին լրագրողի դիտարկմանը Փաշինյանն արձագանքել է, որ նման դեպքերը չեն գաղտնիացվում։ Նա վկայակոչել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հաղորդագրությունը, որը, իր խոսքով, տարածվել է զինծառայողի՝ Հայաստանում գտնվելու փաստը հաստատվելուց հետո։
Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ կառավարությունում քննարկման ժամանակ Փաշինյանն ինքն է պահանջել պարզել՝ ովքե՞ր և ե՞րբ են տեղեկացել զինծառայողի ներթափանցման մասին և ինչո՞ւ բնակիչներին ժամանակին չեն զգուշացրել վտանգի մասին։ Թերթի տվյալներով՝ վարչապետը դժգոհություն է հայտնել ԱԱԾ-ի, Պաշտպանության նախարարության և մյուս պատասխանատու կառույցների աշխատանքից։
Նույն օրը երեկոյան ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների հարցերին, անհամաձայնություն է հայտնել կարծիքներին, թե Շաքիի դեպքը կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացը։
Նա հայտարարել է, որ զինված ադրբեջանցին ձերբակալության պահին դիմադրություն չի ցուցաբերել և վնասվածքներ է ունեցել։
Միևնույն ժամանակ՝ նա հավաստիացրել է, որ Հայաստանում կատարված հանցագործությունը նախ պետք է քննվի և ուղարկվի դատարան, իսկ պատժի «առնվազն մի մասը» զինծառայողը պետք է կրի Հայաստանում։
Նա հայտնել է, որ Ադրբեջանում նույնպես քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու համար։
«Աշխարհում չկա և չի լինելու որևէ մի սահման, որևէ շփման գիծ, որտեղ մի հոգի չկարողանա անցնել-դառնալ… էս ի՞նչ լացուկոծ է, չեմ հասկանում»,- ասել է նա։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի մտահոգությանը, թե արդյոք շուտով չե՞ն մեղադրի Շաքիի բնակիչ Անի Ավետիսյանին ինքնապաշտպանության համար, վարչապետը պատասխանել է, որ ոստիկանությանն սպասելու դեպքում կարող էր ոչինչ տեղի չունենալ։
«Տունը, որտեղ մտել էր ադրբեջանցի զինվորը, մարդիկ առնվազն բացակա էին մի քանի օր, հետո երեխաները եկել են, տեսել են օտար մարդուն, զանգել են մայրիկին, մայրիկը զանգել է ոստիկանություն։ Եթե ոստիկանության գալուն սպասեին, մեծ հավանականությամբ՝ ոչ մի բան տեղի չէր ունենա»,- ասել է նա։
Փաշինյանը մեղադրել է ընդդիմադիր պատգամավորներին լարվածություն հրահրելու մեջ։
«Եթե հիմա դուք լինեիք իշխանություն, ձեր արձագանքից հետո Հայաստանում արդեն սկսված կլիներ մասնակի կամ ամբողջական զորահավաք»,- ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ եթե հայ զինվորը մոլորվի և հայտնվի Ադրբեջանի տարածքում, ընդդիմության այսօրվա հայտարարությունների պատճառով նրան այնտեղ «Բեն Լադեն են դարձնելու»։
«Այսօրվա ձեր ասած ամեն նախադասությունը քթներիցդ հանելու եմ։ Հենց ուղիղ սպառնալիք է»,- ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով զինծառայողի՝ գյուղ հասնելու հանգամանքներին՝ Փաշինյանը մատնանշել է բարդ տեղանքը, որտեղ, իր խոսքով, հեշտ է պատսպարվել։ Որոնողական աշխատանքներին ներգրավել էին նաև անօդաչու թռչող սարքեր, սակայն զինծառայողին մինչև հարձակումը չէին հայտնաբերել։ Վարչապետը հայտարարել է, որ սահմանը հատելու հանգամանքները պարզելու համար մանրամասն քննություն է անհրաժեշտ։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 29-ին ԱԱԾ-ին տեղեկացրել էր զինծառայողի անհետացման մասին՝ չբացառելով, որ նա կարող էր անցնել Հայաստանի սահմանը։ Ըստ քննության տվյալների՝ Նասիմի Մուսաևը հոկտեմբերի 1-ին մուտք էր գործել Շաքի գյուղի տներից մեկը և երեխաների ներկայությամբ՝ կրակել նրանց մոր վրա։ Կինը վիրահատվել էր, նրա երկու երեխան ևս վնասվածքներ էին ստացել։
Դատարանը Մուսաևին կալանավորել էր երկու ամսով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել հինգ հոդվածով, այդ թվում՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար։
Ընդդիմությունն իշխանություններին մեղադրել էր բնակիչներին վտանգի մասին չզգուշացնելու մեջ։ ՀՅԴ երիտասարդական միությունը պահանջել էր ձերբակալվածին փոխանակել Բաքվում պահվող հայ գերիների հետ։ Շաքիի հարձակումը և զինծառայողների մահվան դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու «Ուժեղ Հայաստանի» նախաձեռնությանն աջակցել էր «Հայաստան» խմբակցությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ չի միանա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






