Ֆրանսիայի 400-500 ավագ դպրոցում դասերը լիովին կամ մասնակի կդադարեցվեն՝ աշակերտական բողոքի ակցիաների և անվտանգության սպառնալիքների պատճառով, tv5monde-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։
Ըստ նրա՝ դասերը դադարեցվել են երկրի 3700 ավագ դպրոցից շուրջ 500-ում: Սեպտեմբերի 17-ից սկսված՝ բողոքի ակցիաների ընթացքում 24 դպրոց հրկիզվել կամ թալանվել է։
Իրադարձությունների սկզբից ի վեր՝ տուժել է Ազգային կրթության համակարգի 78 աշխատակից։ Նախարարի խոսքով՝ նրանց վրա հարձակվել են դիտավորյալ:
Նախարարը տեղի ունեցածի համար մեղադրել է ծայրահեղ ձախակողմյան ակտիվիստներին, որոնք, նրա պնդմամբ, ներթափանցել են աշակերտական շարժման մեջ և բռնություններ հրահրել։
Հոկտեմբերի 2-ի աշխատանքային օրն անցել է լարված մթնոլորտում, ձերբակալվել է ավելի քան 1700 մարդ (շաբաթվա ընթացքում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 5000-ի)։ Կազմակերպիչները կոչ են անում ակցիաները շարունակել երեքշաբթի օրը։
Ֆրանսիայի ավագ դպրոցներում բողոքի ակցիաներն սկսվել էին սեպտեմբերի 21-ին և հետագայում տարածվել Փարիզի շրջանից դուրս։ Ակցիայի մասնակիցները պահանջում են լուծել ուսուցիչների և այլ աշխատակիցների պակասի, գերբեռնված դասարանների ու դասացուցակների, ինչպես նաև դպրոցական շենքերի վիճակի հետ կապված խնդիրները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







