«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն Անկախության 35-ամյակի առթիվ իր ուղերձում Հայաստանի գործող իշխանություններին անկախության նկատմամբ «արտաքին ոտնձգությունների» գործիք է անվանել։
Նրա գնահատմամբ՝ անկախությանն ուղղված ամենավտանգավոր սպառնալիքը դրա աստիճանական թուլացումն է ներսից։ Կարապետյանն այդ գործընթացը կապել է պարտադրվող զիջումների, սահմանների նեղացման, ինչպես նաև ազգային արժեքների ու խորհրդանիշների փոփոխության հետ։ Նա քննադատել է նաև հակառակորդի պահանջների կատարումը որպես սպառնալիքները կանխելու միակ միջոց ներկայացնելու մոտեցումը։
Նա հայտարարել է, որ Հայաստանն անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ է, իսկ հասարակությունը՝ պառակտված։ Նրա կարծիքով՝ պետական շահը հաճախ ստորադասվում է նեղ անձնական և ընթացիկ քաղաքական շահերին։ Կարապետյանն ընդգծել է, որ անկախությունը, նախևառաջ, սեփական ազգային շահերից ելնելով որոշումներ կայացնելու պետության ազատությունն ու կարողությունն է։ «Հայաստանը պետք է լինի խաղաղ, բայց՝ պաշտպանված, բաց աշխարհի համար, բայց՝ ինքնիշխան իր որոշումներում, բարեկամների հետ համագործակցող, բայց՝ ոչ որևէ մեկի կամակատար»,– ընդգծել է նա։Հայաստանը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 35-ամյակը։ 1991 թվականի այս օրը հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը կողմ էր քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալուն և անկախ պետություն ստեղծելուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



