ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ։ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում։
Մրցանակը շնորհող «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի ներկայացուցիչները բարձր են գնահատել Փաշինյանի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման և Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման գործում։
Իր խոսքում Փաշինյանն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հռչակագրին և TRIPP («Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծին։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի ընդունումը պատմական բեկում են դարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Այս առնչությամբ նա իր գնահատանքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ Ալիևը, իր կարծիքով, հավասարապես արժանի է այս մրցանակին։ Անդրադառնալով TRIPP-ին՝ Փաշինյանը նշել է, որ նախագիծը կբացի Հայաստանի հաղորդակցության ուղիները Ադրբեջանի համար և հակառակը։Փաշինյանին և Ալիևին ապրիլի 26-ին «Գերնիկա» մրցանակ էր շնորհվել։ Փետրվարին Փաշինյանն ու Ալիևն ստացել էին նաև «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






