«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ու «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը վիճել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ կառավարության անդամների երդման տեքստի փոփոխությունների քննարկման ժամանակ։ Նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Բանավեճն սկսվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո։ Նա քննադատել է կառավարության առաջարկած փոփոխությունները և ներկայացրել երդման տեքստի իր տարբերակը։
Ղազարյանն առաջարկել է դրանում, մասնավորապես, ներառել «Ադրբեջանին և դրա շահերին ծառայելու», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջ ստանձնած «խոստումներն ու պարտավորությունները կատարելու», ինչպես նաև Հայաստանի քաղաքական գործիչների, զինվորականների, հոգևորականների, մտավորականների և գործարարների նկատմամբ «բռնաճնշումներ գործադրելու» մասին ձևակերպումներ։
Նա հայտարարել է, որ առաջարկն առաջիկայում գրավոր կներկայացնի՝ առաջարկելով այդ տարբերակը պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։
Ի պատասխան՝ Ալեքսանյանը ենթադրել է, որ նման տեքստով կարող էր երդվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նա նաև հայտարարել է, որ Ղազարյանի նման ելույթները «հայելային արձագանք» են ստանալու։
«Երբ ձեր գործընկերը գալիս է այստեղ ու ՀՀ վարչապետի, կառավարության հասցեին ասում է նմանատիպ արտահայտություններ, պատրաստ եղեք, որ, այո՛, ձեր կուսակցության կիսագրագետ օլիգարխ առաջնորդի հասցեին հնչելու են նույնատիպ ձևակերպումներ»,- ասել է Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ մեկ այլ պետության շահերին ծառայելու մասին պնդումը ոչ պակաս վիրավորական է, քանի որ, ըստ նրա, դա պետական դավաճանության մեղադրանք է։
Ալեքսանյանն առաջարկել է նաև Ղազարյանի հայտարարությունները դիտարկել որպես Կարապետյանի դիրքորոշում։
«Այն, ինչ ինքն է ասում, մենք ենթադրելու ենք, որ դա ասում է Սամվել Կարապետյանը և արձագանքելու ենք ոչ թե իրեն, քանի որ ինքն ուղղակի խոսնակ է, խոսափող է, բարձրախոս է, այլ արձագանքելու ենք այդ խոսքերի բուն հեղինակին»,- հայտարարել է նա։
Ղազինյանն Ալեքսանյանի խոսքերը որակել է որպես անձնական վիրավորանք և սադրանք՝ ընդգծելով, որ քաղաքական գնահատականները չպետք է վերածվեն անձնական վիրավորանքների։
Նա նաև հայտարարել է, որ, իր կարծիքով, կարճ ժամանակ անց իշխանության ներկայացուցիչներն ստիպված են լինելու Կարապետյանին դիմել որպես վարչապետի։
«Չեմ ուզում ժամկետ նշել, որ չսխալվեմ, բայց շատ կարճ ժամանակ անց դուք ստիպված եք լինելու Կարապետյանին դիմել՝ «պարոն վարչապետ»»,- ասել է Ղազարյանը։
Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է, որ այդ հայտարարությունն ընդունում է որպես խոստում։
Ավելի վաղ հանձնաժողովը հավանություն էր տվել կառավարության անդամների երդման տեքստը փոխելու նախագծին։ Գործող երդման «հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման» ձևակերպումն առաջարկվում է փոխարինել «հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման» բառերով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







