ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի զրույց» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել է պատերազմին վերջ դնելու նպատակով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։
Նա նշել է, որ որպես խոչընդոտ՝ շարունակում է մնալ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև հարաբերությունների խնդիրը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ նրանք «ատում են միմյանց»։
«Եթե Զելենսկին ցանկանա գործարք կնքել, դա շատ լավ կլինի»,- ասել է Թրամփը։
Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները հանգստյան օրերին հանդիպումներ էին ունեցել Զելենսկու և Պուտինի հետ։ Ուիթքոֆի խոսքով՝ բանակցությունների ընթացքում «էական առաջընթաց» է գրանցվել։
Միևնույն ժամանակ, Կրեմլը հայտարարել է, որ Մոսկվան ամերիկացի բանագնացների հետ հանդիպումներից հետո Կիևի դիրքորոշման վերաբերյալ տեղեկություն չի ստացել։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք ռուսական կողմն ստացե՞լ է նման տեղեկատվություն։
Մեկնաբանելով Ուկրաինայի հարցով Ուիթքոֆի և Քուշների կողմից բանակցությունների վերսկսումը՝ Պեսկովը նշել է, որ ամերիկյան կողմն այժմ ավելի քիչ է զբաղված Իրանի հետ կապված խնդիրներով և հնարավորություն է ստացել շարունակելու շփումներն Ուկրաինայի հարցի շուրջ։
«Դա լավ է, դա շատ դրական է, սակայն իրական առաջընթացն առջևում է»,- ասել է նա։
Ավելի վաղ Պուտինն ու Թրամփը քննարկել էին Ուիթքոֆի և Քուշների՝ ռուսական և ուկրաինական կողմերի հետ ունեցած հանդիպումների արդյունքները։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






