Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները շարունակում են Հայաստանը դիտարկել որպես դաշնակից, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Կազմակերպությանն անդամակցելու պահից Հայաստանը ակտիվորեն և ներդաշնակորեն մասնակցել է ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ նշանակալի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում։ ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են Հայաստանը դիտարկել որպես դաշնակից»,- ասել է նա։
Մասադիկովի խոսքով՝ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պատրաստ են քննարկել ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի լիարժեք մասնակցության վերականգնմանն առնչվող հարցերը։
Հայաստանը պաշտոնապես շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն 2024 թվականին սառեցրել է մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։ Հունիսին Մասադիկովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանը շարունակում է համարել կազմակերպության լիիրավ անդամ, քանի որ Երևանը դուրս գալու մասին պաշտոնական որոշում չի կայացրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







