Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, հայտնել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլև երկարամյա բարեկամությամբ։
«Այս համատեքստում պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնորդության կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում»,- ասվում է Թրամփին հղված ուղերձում։
Վարչապետը TRIPP (Trump Route for International Peace and Prosperity, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծն անվանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևոր գրավական՝ նշելով, որ այն ճանապարհ կհարթի դեպի առավել խաղաղ, փոխկապակցված և բարեկեցիկ տարածաշրջան։
Փաշինյանի խոսքով՝ TRIPP-ի իրականացման ուղղությամբ երկու երկրների աշխատանքն արդեն թևակոխում է գործնական հարթություն։
ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ համատեղ օրակարգի հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների։
«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված համապարփակ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նոր ոլորտներ»,- նշել է նա։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ հիմնադրման 250-ամյակի տոնակատարությունն արտացոլում է երկրի հիմքում դրված ազատության և անկախության արժեքների կենսունակությունը։
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հղված շնորհավորական ուղերձում Փաշինյանը հիշել է այս տարվա փետրվարին նրա Հայաստան կատարած այցը՝ նշելով, որ այն կարևոր հանգրվան էր հայ-ամերիկյան գործընկերության հետագա զարգացման համար։ Վարչապետի խոսքով՝ այցը նպաստել է տնտեսական, էներգետիկ, պաշտպանական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը, ինչպես նաև երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ վստահության ամրապնդմանը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։





































