Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կփոխարինի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, գրել է «Իրավունք» թերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Ըստ թերթի`այս որոշումը կայացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում։ Ըստ աղբյուրի՝ Խաչատուրյանն էլ կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական։
ԶԼՄ-ները հունիսի 12-ին գրել էին, որ Սիմոնյանը 9-րդ գումարման ԱԺ-ում ամենայն հավանականությամբ կպահպանի պաշտոնը։ Ավելի ուշ՝ հունիսի 19-ին, ԶԼՄ-ները գրել էին, որ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով հնարավոր է չկարողանա պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը։ Մամուլը հայտնել էր, որ նախագահի պաշտոնին հավակնողների թվում նաև Սիմոնյանն է։
Գործող նախագահն այդ պաշտոնում ընտրվել է 2022 թվականին՝ 7 տարի ժամկետով։





































