ՀՀ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ ցուցադրված սպառազինությունն անվանել է իշխանությունների՝ ՊՆ-ին կատարած հատկացումների արդարացում։
Ըստ նրա՝ ամեն ինչ կպարզվի, երբ իշխանափոխություն լինի, և երբ «հետաքննեն ամբողջ պատմությունը»:
«Լսե՞լ եք այդ նույն մարդու հայտարարությունը 2020 թվականին՝ մինչև պատերազմը, երբ ասում էր, որ հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի: Եթե այդ զենքերը մետաղաջարդոն էին, այդդ մետաղաջարդոնով մենք որոշիչ ո՞ւժ էինք»,- հարցրել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ զենքը ցուցադրելու համար չէ, այլ կռվելու: Այդ զենքը ոչ մի մարտում չի կիրառվել:
«Այդ նմուշներից քանի՞ հատ ունենք: Չեք կարող ասել չէ՞: Կամ այդ ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից և հզոր՝ դա՞, թե՞ «Իսկանդերը»»,- ընդգծել է Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել էր, որ շքերթին մասնակցում են 7 երկրի արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա։
Նրա խոսքով՝ դրան նպաստել է միջազգային սպառազինության շուկայի ավելի մեծ հասանելիությունը Հայաստանի համար։ Փաշինյանի խոսքով՝ դա հետևանք էր 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների, որոնցով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






