Գալիք 2026 թվականը վճռորոշ է լինելու Հայաստանի զարգացման համար, ամանորյա ուղերձում ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Տեղի կունենան շատ կարևոր իրադարձություններ, որոնք կկանխորոշեն մեր հասարակության, մեր ընտանիքների ապագա կյանքը։ Ես ցանկանում եմ, որ 2026 թվականը լինի այն վճռորոշ տարին, որը կփոխի մեր հասարակության ճանապարհը պառակտումից և բաժանումից դեպի միավորում»,- ասել է նա։
Կարապետյանը նաև շնորհավորել է քաղբանտարկյալների և գերիների ընտանիքների Ամանորը և մաղթել նրանց հարազատների մոտ շուտափույթ վերադարձ: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին կալանքից ազատվելու կապակցությամբ:
«Վստահ ենք, որ մեր երկրին անհրաժեշտ է առաջնորդ, որը կմիավորի բոլորիս, կջնջի բաժանարար գծերը և մեզ կտանի դեպի ուժեղ Հայաստան: Մեր հասարակության շատ անդամների կարծիքով՝ հենց Սամվել Կարապետյանն է լինելու այն մարդը, ում վիճակված է այդ դերը ունենալ Հայաստանի պատմության մեջ»,- հավելել է նա:



































