Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հնարավոր ազատման պատճառը Գյումրու «Յոթ Վերք» եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին քիչ մարդկանց ներկայություն ապահովելն էր, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ մարդկանց հավաքագրելու գործն իրականացրել է Առուշանյանի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանը, որը մարզպետի անունից հրահանգել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների ղեկավարներին, որ աշխատակազմերով ներկա լինեն «Յոթ Վերքում», սակայն շիրակցիները պատարագը բոյկոտել էին։
Լրատվականը նշել է, որ Առուշանյանին կարող է փոխարինել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, որն, իր քավոր Մանվել Գրիգորյանին լքելով, անցել է «Քաղաքացիական պայմանագրի» կողմ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությամբ՝ դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել Առուշանյանին պաշտոնից հեռացնելու մասին, քանի որ նա «չի արդարացրել ՔՊ-ի հույսերը»:
Մարզպետարանի մամուլի խոսնակ Արաքս Կիրակոսյանն Armenia Today-ին հայտնեց, որ ազատման հիմքը կառավարության օրակարգում որոշման նախագիծ տեսնելն է, սակայն այս պահին դեռևս նման որոշում օրակարգում չկա։ Հարցին, թե ի՞նչ որոշում ունի ինքը՝ Առուշանյանը, գուցե ի՞նքն է ազատման դիմում գրում, Կիրակոսյանը պատասխանեց. «Ես մարզպետի հետ նման խոսակցություն չեմ ունեցել և չունեմ այդպիսի տեղեկատվություն»։
Նշենք, որ Առուշանյանը մարզպետ էր նշանակվել մեկ տարի առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերին։ Կառավարության նոյեմբերի 21-ի նիստում Փաշինյանը դժգոհել էր կառավարության անդամների, մասնավորապես, մարզպետների աշխատանքից։ Դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը հայտնել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։




































