Այսօր՝ հուլիսի 11-ին, Կառավարության նիստում հավանության է արժանացել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի ՀՀ ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները հանվում են ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պաշտոնների անվանացանկերից՝ ներառվելով քաղաքական պաշտոնների անվանացանկում և վերջիններիս վրա տարածվում են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Ներկայացված հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումներով ուժային կարևոր կառույցների ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







