Այսօր՝ հուլիսի 25-ին, Կառավարության նիստում հավանության արժանացավ համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, ըստ որի՝ 50 մլն ՀՀ դրամը չգերազանցող ներդրումային ծրագրերը կստանան պետական աջակցության հնարավորություն՝ պայմանավորված իրենց կարևորությամբ և տվյալ ոլորտում առավել հրատապ ներդրում կատարելու անհրաժեշտությամբ:
Ներդրումային ծրագրերի պետական աջակցության իրականացման շրջանակներում գործելու է մեկ պատուհանի սկզբունքը, իրականացվելու է պարտականությունների կատարման համակարգում և պետական վերահսկողության իրականացում հողի նպատակային նշանակության փոփոխության, շինարարության թույլտվության, նախագծային փաստաթղթերի հաստատման, օբյեկտի նշանակության, անշարժ գույքի ձեռքբերման, արժեթղթերի և պարտատոմսերի ձեռքբերման, նոր կազմակերպության ստեղծման, գործող կազմակերպության վերակազմակերպման, լիցենզավորման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումային գործընթացների նկատմամբ: Բացի այդ՝ վերահսկվելու են ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում պետական այլ մարմիններին ծրագրի իրականացմանն առընչվող դիմումների ներկայացումը և դրանց կատարման ընթացքի վերահսկումը, ինչպես նաև իրականացվելու է ներդրումային ծրագրերի էլեկտրոնային դիտանցման միասնական համակարգի կառավարումը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս բազմաթիվ ներդրումային ծրագրեր չեն իրագործվում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում այդ ծրագրերի իրականացումն ապահովող տարբեր փաստաթղթերի (հողի նպատակային նշանակության փոփոխության, շինարարության թույլտվության, նախագծային փաստաթղթերի հաստատման, օբյեկտի նշանակության, լիցենզավորման և ներդրումային գործընթացներին առընչվող այլ փաստաթղթերի) հաճախ անհարկի և անհասկանալի մերժման, ուշացման կամ անարձագանք թողնելու պատրվակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







