Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 27-ին կայցելի Ռուսաստան, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ակնհայտ է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման հիմնական թեման է սիրիական Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակն։ Իդլիբում Սիրիայի կառավարական զորքերը հարձակում են իրականացրել իսլամիստ գրոհայինների խմբավորումների դեմ, որոնց աջակցում էր Անկարան: Իսլամիստ գրոհայինների դեմ իրականացված գործողություններում նախագահ Բաշար Ասադին աջակցում են Ռուսաստանի ռազմաօդային ուժերը։
Անցյալ ուրբաթ օրն Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ նշելով, որ սիրիական ուժերի հարձակումը հումանիտար ճգնաժամ է առաջացրել և սպառնալիք ստեղծել Թուրքիայի Ազգային անվտանգության համար: Էրդողանն այդ հարցը բարձրացրել է այն պատճառով, որ Անկարան հավակնություններ ունի սիրիական տարածքի մի մասի, այդ թվում՝ Իդլիբ նահանգի նկատմամբ։
Այսպիսի ծրագրերին սակայն, Ռուսաստանն ու Իրանն աջակցություն չեն ցուցաբերում։ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ սիրիական ողջ տարածքը պետք է վերահսկվի երկրի պաշտոնական իշխանությունների կողմից։ Եվ դատելով ամենից՝ եկել է Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման ժամանակը։
Բացի այդ, վերջին շրջանում սիրիական հիմնախնդրի հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի դիրքերի և այդ երկրների փոխադարձ հետաքրքրության կոնսոլիդացիա է տեղի ունեցել։ Ակնհայտ է, որ Անկարան Վաշինգտոնի հետ պայմանավորվել է Եփրատից արևելք համատեղ ռազմական գործողության իրականացման մասին։
Մի շարք փորձագետների պնդմամբ Մոսկվան հույս ուներ, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերջերս վատթարացումը կհանգեցնի դրանց էլ ավելի սրմանը: Եվ Թուրքիան հնարավոր է՝ լքի ՆԱՏՕ-ն։
Գերմանական Die Tageszeitung պարբերականի վարկածով՝ հավանական է, որ Էրդողանի և Թրամփի պայմանավորվածությունն որոշիչ դեր է խաղացել Իդլիբում նոր էսկալացիայի գործում:
Նշենք, որ Իդլիբ նահանգում ապրում է մոտ երեք միլիոն բնակիչ, որոնց մեծ մասն ահաբեկիչներ են և նրանց ընտանիքների անդամները: Սիրիայի կառավարական զորքերի հաջող հարձակման շարունակման դեպքում, Դամասկոսը կարող է վերականգնել Իդլիբի նկատմամբ լիակատար վերահսկողությունը:
Կարելի է կանխատեսել, որ հակամարտության սրման դեպքում Իդլիբի բնակչության զգալի մասը սահմանով կանցնի Թուրքիա, որտեղ այսօր արդեն ապրում է 3,6 մլն սիրիացի փախստական։
Առավել քան ակնհայտ է, որ իրադարձությունների հենց նման զարգացումը նկատի ուներ Էրդողանը, երբ Պուտինին ասում էր հումանիտար ճգնաժամի և Թուրքիայի Ազգային անվտանգության համար սպառնալիքի մասին։
Իհարկե, դժվար է կանխատեսել Պուտին–Էրդողան առաջիկա հանդիպման արդյունքները։ Այդուհանդերձ, ինչպես ակնհայտ է, ռուս-թուրքական ներկայիս գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ Սիրիայի հարցում ժամանակավոր բնույթ են կրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







