Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև կապերի խորացումը ենթադրում է նրանց միջև տնտեսական կապերի ինտենսիվացում։
Այս առումով Հայաստանը, որն ընդհանուր սահման չունի ԵՏՄ-ի երկրների հետ, բախվում է որոշակի դժվարությունների։ Այդ պատճառով նրա համար չափազանց կարևոր է տրանսպորտային միջանցքներ ունենալ երրորդ երկրների միջով։
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը՝ այս հարցում նրա ընտրությունը փոքր է։ Միակ ցամաքային երթուղին, որը երկիրը կապում է Ռուսաստանի հետ, «Վերին Լարս» անցակետով Վրաստան-Ռուսաստան ավտոմոբիլային ճանապարհն է։
Մինչդեռ հենց «Վերին Լարսն» է հայ բեռնափոխադրողների համար հիմնական խնդիրը։ Այս կապակցությամբ կարելի է համաձայնել ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ․ նրա պնդմամբ, չնայած այն բանին, որ որոշ շրջանակներում «Վերին Լարսի» հարցը դրվում է քաղաքական մակարդակի վրա, ակնհայտ է, որ այստեղ ավելի շատ անցանելիության, եղանակային պայմանների և աշխարհագրական դիրքի խնդիրներ են․ Վերին Լարսի անցանելիությունը կազմում է 3000 հազար ավտոմեքենա մեկ օրում, մինչդեռ այսօրվա դրությամբ պահանջարկը կազմում է օրական 15 հազար ավտոմեքենա: Այս խնդիրը թույլ չի տալիս օգտագործել այն ամբողջ ներուժը, որն ունի Հայաստանը ՝ գտնվելով ԵՏՄ-ի կազմում։
Այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների ապահովման համար իրական այլընտրանքային հնարավորություն է Կովկաս (Ռուսաստան) և Փոթի (Վրաստան) նավահանգիստների միջև Սև ծովով լաստանավային հաղորդակցության թեկուզ մասնակի վերականգնումը, որը դադարեցվել էր անցյալ տարվա դեկտեմբերին:
Ինչպես նշում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առկա են նաև որոշակի քննարկումներ՝ կապված հարավկովկասյան երկաթուղու արդյունավետության բարձրացման հնարավորության հետ: Ակնհայտ է, որ Փաշինյանը նկատի ունի հնարավոր տեղաշարժերը աբխազական երկաթուղու ապաշրջափակման հարցում, որը Վրաստանը Ռուսաստանին կապում է Հայաստանի հետ ։
Ինչպես հայտնի է, 1992 թվականի օգոստոսից վրաց-աբխազական պատերազմի հետևանքով Աբխազիայի տարածքով տարանցիկ երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է, ինչի վերաշահագործումը ռազմավարական կարևորություն ունի Երևանի համար, քանի որ դա Հայաստանից Ռուսաստան ամենակարճ և ամենաէժան ցամաքային ճանապարհն է։ Սակայն մինչ այժմ չլուծված քաղաքական խնդիրները Վրաստանի , Ռուսաստանի և Աբխազիայի միջև հանդիսանում են աբխազական երկաթուղու վերագործարկման գլխավոր խոչընդոտը։
Օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նորանշանակ նախարար Սերգեյ Գլազևը հայտարարել էր.
«Իհարկե, խնդիրը Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների հարթությունում է, բայց երբ երկու կողմերն ի վիճակի չեն լուծել խնդիրը, անհրաժեշտ է երրորդ կողմի ակտիվ աջակցությունը, որը խնդիրներ չունի ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ»։
Այս կապակցությամբ Գլազևը նշում է.
«Այստեղ ավելի շատ դիվանագիտական ջանքեր են պետք, առաջին հերթին՝ Հայաստանի կողմից»:
Այսպիսով, ամենևին չի բացառվում, որ Մոսկվան արդեն մոտ ժամանակներս կփորձի ակտուալացնել, Գլազևի խոսքով, «բոլորի համար ակնհայտ և խիստ անհրաժեշտ տնտեսական հարցը» ՝ Աբխազիայի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման վերսկսումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







