Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև ավելի քան 6 ժամ տևած բանակցություններն ավարտվել են, ինչպես նշել Է Վլադիմիր Պուտինը, Սիրիայի իրադրության վերաբերյալ « ճակատագրական որոշումների » ընդունմամբ:
Իր հերթին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպման արդյունքում ստորագրված համատեղ փոխըմբռնման հուշագիրն անվանել է « պատմական »։
Սիրիայում պատերազմի՝ 8 տարիների ընթացքում Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք անմիջականորեն ներգրավված են հակամարտության մեջ, առաջին անգամ փաստաթուղթ են ստորագրել, ինչը որոշակի հստակություն է մտցնում Սիրիայի հետագա ճակատագրի մեջ։
Սոչիի բանակցությունները տեղի են ունեցել Սիրիայի հյուսիսային շրջաններ՝ քրդական ինքնապաշտպանական ջոկատների դեմ պայքարելու նպատակով թուրքական զորքերի ներխուժումից մի քանի օր անց։ Ընդ որում ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնությամբ:
Թրամփի վարչակազմի՝ վերջնականապես Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումից հետո Մոսկվան, ըստ էության, սկսել է Սիրիայի հետպատերազմյան կառուցվածքի ճակատագիրը միանձնյա լուծել։
Հենց Ռուսաստանը որպես տարածաշրջանում հիմնական աշխարհաքաղաքական խաղացող, Իրանի ակնհայտ աջակցությամբ, կարողացավ հասնել նրան, որ վերջին մեկ-երկու տարում Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը վերադարձրեց վերահսկողությունը երկրի գրեթե ողջ տարածքի նկատմամբ։
Մինչ վերջերս չլուծված էր մնում այն հարցը, թե ինչպես կլուծվի թուրք-սիրիական սահմանի հարցը, որի զգալի մասը վերահսկվում էր քրդական ռազմական կազմավորումների կողմից։ Միացյալ Նահանգների անմիջական աջակցությամբ այստեղ ստեղծվեց քրդական ինքնավարություն։
Սակայն այն բանից հետո, երբ Էրդողանը Վաշինգտոնի և Մոսկվայի հետ պայմանավորվեց ռազմական գործողություն սկսելու (ինչպես կարծում է Թուրքիան) « ահաբեկիչների դեմ, որոնք կապեր են պահպանում Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ անջատողականների հետ » , ակնհայտ դարձավ, որ Քրդստանի գործոնը թուրք-սիրիական սահմանին կորցնում է իր արդիականությունը:
Սոչիի բանակցությունների արդյունքներով Պուտին-Էրդողան քրդական զինված ջոկատները պետք է ամբողջությամբ դուրս բերվեն դեպի Սիրիայի խորքերը։ Թուրքիան կվերահսկի այդ գոտու մի մասը ՝ Թալ Աբյադ և Ռաս Ուլ Այն քաղաքների միջև ընկած հատվածը։ Սա հենց այն տարածքն է, որը զավթել են թուրք զինվորականները «Խ աղաղության աղբյուր » ռազմական գործողության ընթացքում։ Բացի այդ, Ռուսաստանը կաջակցի Թուրքիային ՝ կանխելու պոտենցիալ « ահաբեկիչների » մուտքը դեպի Սիրիա թուրքական սահմանով։
Այդպիսով, Մոսկվայի օգնությամբ Թուրքիան լուծում է իր համար ամենաբարդ խնդիրներից մեկը ՝ սահմանամերձ շրջաններում սիրիական քրդերի ռազմականացված կազմավորումների չեզոքացման հարցը։
Մինչդեռ Ռուսաստանը և Սիրիայի կառավարական զորքերը իրենց վերահսկողության տակ կվերցնեն թուրքական պատասխանատվության գոտուց արևելք և արևմուտք ընկած տարածքը, իսկ թուրքական զորքերին կթույլատրվի Ռուսաստանի հետ համատեղ պարեկային գործընթացին մասնակցել սահմանի անմիջական մերձակայքում (10 կմ):
Այսպիսով՝ Բաշար Ասադին կրկին Մոսկվայի անմիջական աջակցությամբ հետ են վերադարձվում Սիրիայի հյուսիսում գտնվող ընդարձակ շրջանները։ Իսկ Ռուսաստանը խորացնում է իր քաղաքական և ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և դառնում վճռորոշ դերակատար այդ տարածաշրջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







