Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:
Թիվ 296 բանաձևը հեղինակել են դեմոկրատ ու հանրապետական մի խումբ կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգն ու Ջեքի Սփիերը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ընդունվել է 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ճանաչման հետ մեկտեղ այն կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ցեղասպանության ժխտման դեմ ու կրթական ծրագրերի միջոցով խրախուսել Ցեղասպանության մասին տեղեկացվածությունն ու հանրային ընկալման մեծացումը:
Այս բանաձևն օրենքի նախագիծ չէ, որպեսզի ուղարկվի Սենատ, որտեղ այն կընդունվի և կուղարկվի նախագահի հաստատմանը։ Սա ընդամենը հայտարարություն է, որով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն արտահայտում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ։
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում բանաձևի ընդունման մասին խոսելով՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ Սենատում ևս համանման բանաձև կա, որն առաջիկայում պետք է քննարկման դրվի։
«Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը ԱՄՆ-ում հայկական լոբբինգի և համայնքի մեծ ձեռբերումն է։
Ի պատասխան հարցին, թե տարածաշրջանային վերջին զարգացումները ազդեցություն են ունեցել բանաձևի ընդունման վրա, Սուրեն Սարգսյանը նշեց․
«Սա ուղիղ կապ ունի տարածաշրջանային գործընթացների հետ, ժամանակաշրջանը շատ ճիշտ է ընտրված, այս ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում հակաթուրքական լուրջ տրամադրություններ կան»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







