Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն օրերս գտնվում էր Անդրկովկասում: Նրա այցը Ադրբեջան պլանավորված էր. Բաքվում նրա նախագահությամբ կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Սակայն Շոյգուի առաջին կանգառը տարածաշրջանում եղել է Հայաստանում, ավելի կոնկրետ` Գյումրիում, որտեղ նա ստուգայց է կատարել ռուսական 102-րդ ռազմաբազայում: Բազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել է նախարարին, որ ռազմական բազայի մարտական ներուժը կավելանա գրեթե 2 անգամ զենքի և ռազմական տեխնիկայի՝ նոր և ժամանակակից տեսակներով համալրվելուց հետո:
Արդեն Երևանում ռուս նախարարը հանդիպել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ: Կառավարության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում նրանց կողմից հնչեցրած հայտարարությունները լիովին բնութագրում են ռուս-հայկական ռազմաքաղաքական հարաբերությունները. «Մեր ռազմական գերատեսչությունների փոխհարաբերությունների ձեռք բերած մակարդակը հնարավորություն է տալիս օպերատիվ իրականացնելու ընթացիկ խնդիրներն ու ժամանակին արձագանքելու տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին…Ռուսաստանում բարձր են գնահատում Հանրապետության հետ համագործակցությունը և բարեկամական Հայաստանը համարում են դաշնակից և հիմնական գործընկեր Անդրկովկասում»:
Այն փաստը, որ դեպի Բաքու այցի նախօրեին Սերգեյ Շոյգուն տեսչական ստուգում է անցկացրել Հայաստանում ռուսական ռազմաբազայում, ապա Երևանում հանդես եկել բազմաբովանդակ հայտարարություններով, վկայում է Անդրկովկասում Մոսկվայի առաջնահերթությունների մասին: Այսինքն` խոսքը գնում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը շարունակելու և, մասամբ, նրա հետ ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին:
Հիշեցնենք, որ հայկական տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, գործում են Միացյալ զորախումբ և ՀՕՊ Միավորված տարածաշրջանային համակարգ: Հայաստանը և Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեպության անդամ են:
Այնուամենայնիվ, Մոսկվան զուգահեռաբար ռազմավարական գործընկերային հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ, մասնավորապես, ռազմաարդյունաբերական ոլորտում: Վերջին տարիներին Ռուսաստանը Բաքվին է վաճառել 5 մլրդ դոլար ընդհանուր արժողության զենք: Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը` Հայաստանին լրջորեն անհանգստացնում է ադրբեջանական բանակի զինումը ռուսական ժամանակակից զենքով, ինչ մասին բազմիցս բարձրաձայնվել է ամենաբարձր մակարդակով: Մինչդեռ ռուս շատ քաղաքական գործիչներ և քաղաքագետներ Մոսկվայի նման քաղաքականությունը Անդրկովկասում անվանում են պրագմատիկ, հավասարակշռված և նպատակաուղղված տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական ներկայության խորացմանը, որտեղ պատմականորեն ունի ռազմավարական շահեր: Այսօր նա արդարացնում է իրեն. դա մասամբ այդպես է այն պատճառով, որ Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը դեռևս ճանաչում են Մոսկվայի առաջնահերթությունները տարածաշրջանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







