Շատ զավեշտալի է, երբ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների համար կազմակերպված ընդունելության ժամանակ հպարտությամբ ասում էր, որ մամուլը երբեք այդքան ազատ չի եղել, ինչպես հիմա, իսկ այդ նույն ժամերին քննվում էր հեռուստաընկերության սեփականատիրոջ ձերբակալման օրինաչափ լինել-չլինելու հարցը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց «5-րդ ալիք» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարցազրույց» հաղորդման հեղինակ-վարող Ագնեսա Խամոյանը։
Ագնեսա Խամոյանը նշեց, որ դրանից առաջ էլ հարձակվել էին մեկ այլ հեռուստաընկերության լրագրողների վրա, իսկ դրանից էլ առաջ ներխուժել էին թերթի խմբագրություն և տակնուվրա արել ամբողջը (Խոսքը դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշեն համայնքում «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանի և օպերատոր Սիմիկ Մայիլյանի վրա հարձակման և «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժման մասին է (Խմբ.)):
Խոսելով Արմեն Թավադյանի գործի և նրա կալանքի մասին՝ Խամոյանը նշեց, որ մինչև այս պահը հասկանալի չէ, թե կոնկրետ ինչում է մեղադրվում իրենց հեռուստաընկերության սեփականատերը:
«Ես իրավաբան չեմ, որ մեկնաբանեմ իրավիճակը, բայց մի բան հստակ է՝ Թավադյանը ձերբակալվել է մի քրեական գործի շրջանակներում, ըստ որի, Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին առաջարկվել է ցուցմունքից հրաժարվել: Այդ տղան, ում, ըստ ոստիկանության, առաջարկվել է ցուցմունքից հրաժարվել, պարզվում է ՃՈ դասակի հրամանատար է, և ամենակարևորը, պարզվում է այդ տղայի՝ արդեն իսկ հրապարկված ցուցմունքում որևէ տեղ չկա ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի, ոչ էլ ոստիկանության որևէ պաշտոնատար անձի անուն.պարզ հարց է չէ առաջանում՝ ինչո՞ւ պետք է ճնշեին ՃՈ դասակի հրամանատարին՝ փոխել ցուցմունքը»,- ասաց Խամոյանը։
Խամոյանը նշեց, որ սա այն պարզ հարցադրումն է, որ առաջանում է ցանկացած մտածող մարդու մոտ, և իրավաբան լինել դրա համար պետք չէ, հասկանալու համար իրավիճակի զավեշտային լինելը՝ միաժանակ ընդգծելով, որ հարց է նաև առաջացնում այն, որ մեղադրյալին բաց են թողնում, իսկ կասկածյալ Թավադյանին՝ կալանավորում:
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, կարծում եմ, վաղուց է հայտնվել իշխանությունների համար ոչ ցանկալի անձանց մեծ ցուցակում»,- ասաց Խամոյանը։
Խոսելով հեռուստաընկերության հետագա գործունեության մասին՝ Խամոյանը նշեց․
«Այսինքն ի՞նչ են կարծում՝ Թավադյանին կալանավորելով, օրինակ կարծո՞ւմ են՝ ես եթեր չեմ մտնի, կամ լուրերի թողարկում չի լինի, կամ նա կալանավայրում «խելքը գլուխը կհավաքի» և կհրաժարվի ընկերությունից: Անկեղծ եմ ասում՝ չեմ հասկանում: Ուստի էս ամենն ավելի շատ անհրապույր չարաճճիության է նման՝ «ուխ, մեկն էլ Նոր տարին կանցկացնի կալանավայրում» տրամաբանությամբ,- եզրափակել է Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը։
Արմեն Թավադյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 24-ին: Թավադյանը ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով՝ նույն քրեական գործի շրջանակներում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







