Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից է: Նա ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին։ 1960թ.-ին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1965թ.-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1967թ.-ին՝ ասպիրանտուրան: 1967-86թթ.-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1986թ.-ից), 1992-95թթ.-ին՝ ռեկտոր։
Մանսուրյանի ստեղծագործությունը մի ամբողջ նոր ու յուրահատուկ դարաշրջան է բացում հայ երգարվեստի պատմության մեջ։ Նա ստեղծագործել է տարբեր ժանրերում, գրել է սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտա», «Պրելյուդներ», «Գիշերային երաժշտություն», «Ինտերիեր» լարային կվարտետը, կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի, ալտի և լարային նվագախմբի, Կրկնակի կոնցերտ՝ ջութակի, թավջութակի, լարային նվագախմբի համար, «Երեք արիա` երգելու՝ Արարատին բաց պատուհանից» (ալտի և մեծ նվագախմբի համար), «Ո՞ւր է Աբել եղբայր քո» (թավջութակի և մեծ նվագախմբի համար):
Գրել է նաև ոկալ շարքեր, որոնք հիմնականում հիմնված են հայ և համաշխարհային գեղարվեստական գրականության լավագույն նմուշների վրա։ Առհասարակ նա բացառիկ խորությամբ է հասկանում գրականությունը, հրաշալի վերլուծում է հայ և համաշխարհային գրականության նմուշները։ Սրա լավագույն վկայություններն են նրա «4 հայրեն Նահապետ Քուչակից», «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի), «Երկիր Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի), «Գարնան երգեր» (խոսք՝ Հովհաննես Թումանյանի), խմբերգեր՝ «Երեք ասացված Կոմիտասի հիշատակին» (խոսք՝ Կոստան Զարյանի), «Արվեստ Քերթության» (խոսք՝ Եղիշե Չարենցի), սոնատներ, վոկալ-կամերային մադրիգալների շարք (ձայնի և տրիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ալտի և անսամբլի համար, աղոթքների շարք՝ ըստ Ներսես Շնորհալու), «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի) բալետը և այլ ստեղծագործությունները։
Մաեստրոն մի բացառիկ հատկություն ունի․ նա միշտ սովորում է, միշտ ունի նոր հետաքրքրություններ։ Մի առիթվ, խոսելով դեռ անկատար երազանքների մասին, ասել է․ «Վերջին տարիներս էնքան բաներ եմ հայտնաբերել, որ պետք է սովորած լինեի, պետք է դրանով զբաղված լինեի։ Երազանքներ ունեմ, որ էդպես էլ մնացին անկատար։ Երբ մարդը գիտի լատիներեն լեզու, նա ուրիշ մարդ է։ Դա չեղավ: Ես անգլերեն չսովորեցի, շատ եմ ցավում, մեկ էլ տեսա, որ Չեխով վատ գիտեմ։ Հինգ պիես է թողել, որոնք աշխարհում համարվում են Շեքսպիրից հետո ամենաշատ ընթերցվող պիեսները։ Հետաքրքրությունները շատ են, ես սրանցով զբաղվում եմ հիմնականում գիշերները, երբ ոչ մի զանգ չի լինում»։
Մանսուրյանի ստեղծագործություններն իրենց առանձնահատուկ տեղն ունեն նաև հայ կինոարվեստում։ Նրա հեղինակած մեղեդիներն են հնչում «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլ ֆիլմերում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







