Երևանի ընդհանուր իրավասության՝ «Էրեբունի-Նուբարաշենի» նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Գայանե Խաչատրյանի, այսօր՝ մայիսի 13-ին, «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» առաջին դատական նիստն հետաձգվեց՝ հայցվոր կողմի բացակայության պատճառով:
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը՝ Գևորգ Գյոզալյանը, պնդել է, որ այսկերպ հայցվոր կողմը մտադիր է անհարկի ձգձգել դատական պրոցեսը: Նշվում է, որ հայցվոր կողմը նիստին չէր ներկայացել երկրում ստեղծված համավարակով պայմանավորված։
Դատավորը նշել է՝ հաշվի առնելով, որ այսօր առաջին նախնական նիստն է, պետք է հետաձգել այն և հնարավորություն տալ մյուս կողմին օգտվել օրենսդրությամբ սահմանված դատավարական իրավունքներից:
Դատավոր Գայանե Խաչատրյանի խոսքով՝ հայցվորի ներկայությունը կարևոր է նաև այնքանով, որ այսօր նա պետք է ներկայացներ իրավական և փաստական հանգամանքները։
Բացի այդ, դատավորը տեղեկացրել է, որ հայցվոր կողմը միջնորդություն է ներկայացրել չներկայանալու վերաբերյալ: Պատասխանող կողմի պնդմամբ՝ հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը պետք է ուղարկվեր նաև իրեն։
Դատարանի որոշմամբ նիստը հետաձգվեց, և հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 19-ին, ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը հայց է ներկայացրել՝ պնդմամբ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն զրպարտել է իրեն Կապանյան ասուլիսում՝ հայտարարելով, թե ինքն իր ծառայություններն է առաջարկել Փաշինյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







