ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, դատավճիռն ստացել է օրինական ուժ: Սա, ըստ մյուս կողմի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի, նշանակում է, որ Հարությունյանը շուտով կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:
«Դատալեքս» տեղեկատվական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Հարությունյանի և նրա պաշտպան Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը»:
2022 թվականի սեպտեմբերին Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված անփութության համար, որը հանգեցրել էր ծանր հետևանքների՝ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստների և մի շարք մարտական դիրքեր հակառակորդին հանձնելուն։
Փետրվարի 7-ին առաջին ատյանի դատարանի վճռով Հարությունյանը 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել։ Սյունիքի դատարանն Արցախի ՊԲ նախկին հրամանատարին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով):
Հարությունյանն Արցախի պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թվականի փետրվարի 24-ին։ Հոկտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ծանր վիրավորվել էր, և ՊԲ հրամանատարի պաշտոնում նրան փոխարինել էր Միքայել Արզումանյանը։






































